ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է Իրանի հետ տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն միաժամանակ չի բացառել ռազմական գործողությունների հնարավորությունը։
Կոնգրեսում՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում իր ամենամյա ուղերձի ընթացքում, Թրամփը կոշտ հայտարարություններով է հանդես եկել Իրանի հասցեին՝ մեղադրելով Թեհրանին միջուկային ծրագրի վերակառուցման փորձերի մեջ։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա ամերիկյան հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտները «ոչնչացվել էին», թեև փորձագետները վիճարկում են այդ պնդումը։
«Մենք դրանք վերացրինք, իսկ նրանք ցանկանում են ամեն ինչ սկսել նորից։ Այս պահին էլ շարունակում են իրենց չարամիտ նպատակները», — ասել է Թրամփը՝ խոսելով հնարավոր ռազմական գործողությունների մասին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ բանակցություններ են ընթանում և Իրանը ցանկանում է համաձայնության գալ, սակայն Վաշինգտոնը դեռ չի լսել «գաղտնի բառերը»՝ «Մենք երբեք միջուկային զենք չենք ունենա»։
Թրամփը շեշտել է, որ նա նախընտրում է հարցը լուծել դիվանագիտորեն, սակայն երբեք թույլ չի տա, որպեսզի «ահաբեկչության գլխավոր հովանավորը» ձեռք բերի միջուկային զենք։
Հիշեցնեք, որ Իրանը տարիներ շարունակ պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ ունի։ Նախորդ տարի ոչ ԱՄՆ հետախուզությունը, ոչ էլ ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը չեն ներկայացրել ապացույցներ, որ Թեհրանը ձգտում է ստեղծել ատոմային զենք։
Թրամփը նաև հայտարարել է, թե Իրանը մշակում է հրթիռներ, որոնք շուտով կարող են հասնել ԱՄՆ տարածք, ինչպես նաև նա մեղադրել է Թեհրանին ամերիկացի զինծառայողների դեմ իրականացված հարձակումների և բողոքի ցույցերի ժամանակ զոհերի համար։
ԱՄՆ ռազմական ներկայության աճի և Ժնևում նախատեսված բանակցությունների երրորդ փուլի նախօրեին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ համաձայնությունը «ձեռքի տակ է»։
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստվում է վերսկսել բանակցությունները Ժնևում՝ նպատակ ունենալով հնարավորինս կարճ ժամկետում հասնել «արդար և հավասարակշռված» համաձայնության։ Արաղչին ընդգծել է, որ Իրանը որևէ պայմաններում չի ձգտի միջուկային զենքի ստեղծմանը, սակայն չի հրաժարվի խաղաղ միջուկային տեխնոլոգիաներից օգտվելու իր իրավունքից։
Հիշեցնեք, որ բանակցությունները նախատեսվում է անցկացնել Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ Օմանի միջնորդությամբ։ ԱՄՆ պատվիրակության կազմում ընդգրկված են Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
Այսպիսով, Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը շարունակում է պահպանվել, սակայն կողմերը միաժամանակ ազդարարում են դիվանագիտական լուծման հնարավորության մասին։
Հեղինակ՝ Անի Վարդանյան























































































