Այսօր Մեծ Պահքի տասներկուերորդ օրն է։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոն (Զատիկ)։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Ուստի՝ ArmLur.am-ը Մեծ Պահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտել պահքի ժամանակ։
Մարաշի տոլմա դդմի մեջ եփած
Մարաշի դդմով տոլման ավանդական պասուց (պահոց) ուտեստ է, որի մեջ ընդեղենով (սիսեռ,ոսպ, լոբի) և համեմունքներով լցոնված խաղողի թփով կամ կաղամբով տոլմաները եփվում են ամբողջական դդմի մեջ: Այն յուրահատուկ է իր համադրությամբ և դդմի մեջ թրմվելով:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ հատ մեծ դդում, միջուկի համար՝ սիսեռ, ոսպ եւ լոբի, ցանկության դեպքում նաեւ ձավար, խաղողի թփեր կամ կաղամբի տերևներ, համեմունքներ։
Մեծ դդումը լվանալ վերևի հատված կտրել՝ որպես կափարիչ եւ մաքրել կորիզները։
Սիսեռը, ոսպը, լոբին (եւ ձավարը) կիսաեփ վիճակում խառնել սոխառածի եւ համեմունքների եւ փաթաթել տերեւի մեջ։ Տոլմաները լցնել դդմի մեջ, ավելացնել ջուր կամ արգանափակել դդմի «կափարիչով» եւ եթել ջեռոցում։
Այս ուստեստը Մարաշի հայերի խոհանոցին հատուկ տոնական կամ պահքի յուրահատուկ ուտեստներից է։
Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստ ու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):
Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններից ազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:





























