Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նաինին հայտարարել է, որ Իրանը կարող է միջոցներ ձեռնարկել՝ տարածաշրջանից նավթի արտահանումը ամբողջությամբ դադարեցնելու համար, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հարձակումները շարունակվեն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կեղծ հայտարարություններ» է անում՝ փորձելով թաքցնել պատերազմի ընթացքում կրած անհաջողությունները և նվազեցնել ճնշումը ամերիկյան զինվորականների վրա։
Նաինին նշել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը և ռազմական ինքնաթիռները հեռացել են Իրանից ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա՝ Իրանի հրթիռներից և անօդաչու սարքերից պաշտպանվելու համար։ Նա նաև պնդել է, որ տարածաշրջանում տեղակայված ամերիկացի զինվորականների մի մասը լքել է բազաները և ապաստան գտել քաղաքներում ու հյուրանոցներում։
ԻՀՊԿ խոսնակի խոսքով՝ Իրանի հրթիռային հարվածները շարունակվում են, և այժմ կիրառվում են ավելի հզոր հրթիռներ՝ ավելի մեծ մարտագլխիկներով, որոնք ուղղվում են ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի դեմ։
Նաինին նաև հայտարարել է, որ եթե հարձակումները շարունակվեն, Իրանի զինված ուժերը թույլ չեն տա տարածաշրջանից «նավթի նույնիսկ մեկ լիտրի արտահանում»։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված է, և «եթե անվտանգություն չլինի բոլորի համար, ապա անվտանգություն չի լինի ոչ մեկի համար»։
Գեներալը հավելել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են պատերազմի հետագա սրման, իսկ ռազմական գործողությունների ավարտի պայմանները «որոշվելու են Իրանի կողմից»։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























