Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ճեպազրույցը լրագրողների հետ աչքի ընկավ ոչ միայն լարվածությամբ, այլև բացահայտ ագրեսիվությամբ՝ ուղղված հենց այն մարդկանց, որոնց հետ նա տարիներ առաջ նույն տեղեկատվական դաշտում էր աշխատում։ Սակայն առավել ուշագրավը ոչ թե միայն տոնն էր, այլ բովանդակությունը՝ հակասություններով լի և քաղաքական առումով վտանգավոր ուղերձներով։
Մինչ բուն ճեպազրույցին անդրադառնալը, հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Փաշինյանը հայտարարում էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հատուկ պատասխանատվություն է կրում քաղաքական մշակույթի ձևավորման համար։ Նրա խոսքով՝ ընդունվել էր Էթիկայի կանոնագիրք, որը ենթադրում էր հայհոյանքից, անձնական թիրախավորումից և վիրավորանքից հրաժարում։ Սակայն երեք ամիս էլ չանցած՝ նույն Նիկոլ Փաշինյան-ը փաստացի խախտում է իր իսկ սահմանած կանոնները։
Այսօրվա ճեպազրույցի ընթացքում նա ոչ միայն թիրախավորեց լրագրողներին, այլև վիրավորական և նվաստացնող ակնարկներ հնչեցրեց նրանց հասցեին՝ հատկապես այն դեպքում, երբ հնչում էին անհարմար հարցեր։
Առաջին թիրախում հայտնվեց Factor.am-ի լրագրողը, ում ուղղված ակնարկները հստակ ցույց էին տալիս՝ իշխանությունը այլևս չի հանդուրժում քննադատական հարցեր։
Այնուհետև վարչապետը անցավ քաղաքական հակառակորդներին՝ «Ուժեղ Հայաստան» ուժին, որոնց հասցեին հնչեցրեց ոչ լուրջ և ծաղրական առաջարկներ՝ իջեցնելով քաղաքական դիսկուրսի մակարդակը։
Երբեմնի լրագրող, «Հայկական ժամանակ»-ի նախկին խմբագիր Փաշինյանը այս անգամ արդեն իր նախկին գործընկերներին ընդհանրապես մեղադրեց անազնվության մեջ՝ փաստացի վարկաբեկելով ամբողջ մեդիա դաշտը։
Այս մթնոլորտում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը համարձակվեց բարձրաձայնել հարց, որը վերաբերում էր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և նրա ընտանիքի հնարավոր կոռուպցիոն դրսևորումներին։ Կմտածեք՝ այսքանով ավարտվեց՝ ոչ: Նիկոլ Փաշինյանը ավելի ագրեսիվացավ, հարձակվեց առավել թիրախավորված։
Բայց չէր հանգստանում վարչապետը, խոցվել էր նրա իշխանական ինքնասիրությունը. ինչպես կարելի է ՔՊ խմբակցության ղեկավարին կամ նրա ընտանիքին կոռուպցիային վերաբերելի հարցեր հնչեցնել։ Շարունակեց թիրախավորումը մեր լրագրողի նկատմամբ:
Րոպեներ անց նույն Նիկոլ Փաշինյանը իր կողմից քննադատված «Հրապարակ»-ի նյութերից սկսեց մեջբերում անել՝ դրանք համարելով բացարձակ ճշմարտություն։
Ստացվում է պարզ, բայց վտանգավոր պատկեր․ երբ խոսքը վերաբերում է իշխանությանը կամ նրա թիմակիցներին, մամուլը «ստեր տարածող» է։ Իսկ երբ նույն մամուլը գրում է իշխանության համար հարմար թեմաների մասին՝ հանկարծ դառնում է վստահելի աղբյուր։ Այս երկակի չափանիշը արդեն ոչ թե պարզապես հռետորական խնդիր է, այլ քաղաքական վարքագիծ, որը խարխլում է վստահությունը թե՛ իշխանության, թե՛ ինստիտուտների նկատմամբ։
Փաստացի, Նիկոլ Փաշինյանի այսօրվա պահվածքը ցույց տվեց ոչ միայն հուզական անկայունություն, այլ նաև քաղաքական կամքի պակաս՝ պահպանելու սեփական իսկ սահմանած խաղի կանոնները։ Իսկ դա արդեն շատ ավելի լուրջ խնդիր է, քան ուղղակի անհաջող ճեպազրույցը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























