Հարգելի´ հեռուստաընկերություններ,
Ամիսներ առաջ Համահայկական բնապահպանական ճակատի անդամները, այցելելով Սյունիք և ականատես լինելով այնտեղ տիրող բնապահպանական աղետալի վիճակին, պատրաստեցին 67 րոպե տևողությամբ փաստագրական տեսանյութ, որը ներկայացնում է հանքարդյունաբերվող Սյունիքի կենդանի պատկերը: Տեսանյութը վերնագրված է «Հայաստանի կոտրվող ողնաշարը», նկարահանվել է սիրողական տեսախցիկներով և պատրաստվել բացառապես կամավորական ջանքերով: Տեսանյութում ներկայացված փաստերի հիմքում պաշտոնական տվյալներն են, որոնք հասանելի են յուրաքանչյուր քաղաքացու համար:
Մեր համոզմամբ՝ այդ պաշտոնական տվյալներից շատերը չեն համապատասխանում իրականությանը, բայց, այդուամենայնիվ, նույնիսկ պաշտոնական թվերով՝ ստեղծված իրավիճակը օրհասական է:
«Հայաստանի կոտրվող ողնաշարը» ցուցադրվել է երևանյան մի շարք կրթական հաստատություններում և կենտրոններում, Գյումրիում, Կապանում, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ ցուցադրություններ տեղի են ունեցել արտերկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում: Բնապահպանական այս ահազանգը հուզել և մտահոգել է մեր շատ հայրենակիցների, նույնիսկ՝ օտարազգիների:
Նշենք, որ յութուբ կայքում տեղադրվելուց հետո՝ մի քանի ամսվա ընթացքում, ֆիլմը հավաքել է շուրջ 100 000 դիտում: Ծանոթացեք տեսանյութին, եթե մինչ այս պահը չեք դիտել այն և որոշեք, թե որքանով են բարձրաձայնվող խնդիրներն առնչվում մեր բոլորիս հայրենիքին, ինչպես նաև հենց ձեզ, ձեր մտերիմներին ու երեխաներին:
Հաշվի առնելով ֆիլմի առաջացրած հետաքրքրությունն ու բարձրաձայնված խնդիրների կարևորությունը, դիմում ենք ձեզ՝ առաջարկելով տեսանյութը ցուցադրել նաև ձեր հեռուստատեսային ալիքներով, քանի որ խիստ կարևորում ենք ավելի մեծ թվով մարդկանց իրազեկումը: Սիրով և անհատույց կարող ենք տրամադրել տեսանյութի որակյալ տարբերակը: Միայն նշենք, որ տեսանյութը տարածվել է կամավորական ջանքերով, վաճառքի ենթակա չէ, իսկ ցուցադրելիս պահանջվում է պահպանել ՀԲՃ-ի տարբերանշանը:
Ցուցադրության առաջարկը չընդունելու դեպքում խնդրում ենք մեզ և հանրությանը տեղեկացնել մերժման պատճառների մասին:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)