Քիչ առաջ Կառավարության շենքի առջև բողոքի ալիք բարձրացրած «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած բնակիչները պահանջում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանից իջնել և իրենց հարցերին պատասխաններ տալ: Նրանք նաև ցանկանում էին նամակ հանձնել Հովիկ Աբրահամյանին (ստորագրահավաք էին կազմակերպել՝ հավաքելով շուրջ 100 ստորագրություն):
Սակայն վարչապետի փոխարեն բնակիչներին մոտեցավ աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը, ով ասաց, որ նրանք իզուր են կանչում վարչապետին, քանի որ նա չի իջնի:
Բնակիչները, սակայն, ընդվզեցին՝ ասելով, որ արդեն 3 տարի շարունակ Ղազարյանն է մոտենում իրենց, սակայն՝ ապարդյուն, և իրենք պահանջում են վարչապետին:
Ղազարյանն առաջարկեց մտնել իր աշխատասենյակ, և այս պահին քաղաքացիներն այնտեղ են:
Armlur.am-ի լրագրողին թույլ չտվեցին մասնակցել խորհրդակցությանը. Ալեքսանդր Ղազարյանը պատճաբանեց, թե ինքն է որոշում՝ ով մտնի իր աշխատասենյակ: