Հիմա Վարդան Այվազյանն իր արդյունաբերության դա՞րդն է լացում, թե՞ գյուղացիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ  Փաշինյանը, այսօր ԱԺ-ում  խոսելով Արարատյան դաշտի մեծ մասի չորանալու վտանգի և Սևանից  ջուր բացթողելու մասին, ասաց,  որ տեղի ունեցածն ուղղակի հանցագործություն է: Դա, ըստ նրա, եղել է կառավարության թույլտվության և թողտվության հետևանքով:

Փաշինյանն անդրադարձավ նաև խնդրի առնչությամբ հնչեցված Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե բնակլիմայական պայմանների պատճառով սակավաջուր տարի է լինելու,  հետևաբար, Սևանից ջուր պետք է  բացթողնել:

«Սերժ Սարգսյանը, սակայն, մոռացավ ասել, որ սակավաջրության պատճառը ոչ թե բնությունն է, այլ՝ իշխանությունը: Այն, որ տեղի է ունեցել ազգային հարստության թալան, պետք է հասկանալ ոչ միայն փոխաբերական, այլև ուղիղ իմաստով. տեղի ունեցածն իրավական հանցագործություն է:  Նույնն է, թե մեկի բանկից 350 մլն դոլար գումար անհետանա, դրա մասին բանկի ղեկավարին տեղեկացնեն, նա էլ ասի` դե՛ ոչինչ, գնացե՛ք դոշակի տակից հանեք` առանց  պարզելու` ինչու է անհետացել այդ գումարը»,- հայտարարեց Փաշինյանը:

Ըստ պատգամավորի՝ եթե այսպես շարունակվի, վաղ թե ուշ Սևանն էլ կչորանա: Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ Արարատյան դաշտը չորացման վտանգի առջև է կանգնել հենց ձկնաբուծական ընկերությունների մեծ ծավալով ջուր օգտագործելու պատճառտով, իսկ Հայաստանում ձկնաբուծական ընկերություններ ունեն Սամվել Ալեքսանյանը, Հովիկ Աբրահամյանը,  Գագիկ Ծառուկյանը, ավելին` Հովիկ Աբրահամյանը Փաշինյանին  ասել է, որ ձկնաբուծական ընկերություն ունի  նաև Վարդան Այվազյանը, հետևաբար. «Հիմա Վարդան Այվազյանը, երբ խոսում է Սևանա լճից ջուր բաց թողնելու կարևորության մասին, գյուղացիների դարդն է լացում, թե իր արդյունաբերության»:

Մեկ այլ փաստ ևս հիշեցրեց Փաշինյանը` ինչով են զբաղված եղել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով եղել է նաև ջրի ազգային հանձնաժողովի ղեկավարը, իսկ հիմա այդ հանձնաժողովը ղեկավարում է Տիգրան  Սարգսյանը: Ինչո՞վ է զբաղված եղել բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը: Ստորերկրյա ջրերը վատնելու համար  ՀՀ օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն»,- մանրամասնեց Փաշինիանը` հավելելով, որ ինքը ՀՀ կառավարության՝ ԱԺ-ում ներկայացրած այս օրինագծին դեմ է  քվեարկելու:

Սոնա Դավթյան




Լրահոս