Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 32-ժամյա հրադադար՝ ուղղափառ Զատկի կապակցությամբ, ինչը ողջունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Կրեմլի հաղորդմամբ՝ հրադադարը կգործի ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա ավարտը։ «Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ուկրաինական կողմը կհետևի Ռուսաստանի օրինակին»,- նշված է Կրեմլի հայտարարությունում։
Պուտինի այս որոշումը նման է անցյալ տարի հայտարարված 30-ժամյա հրադադարին, որի ընթացքում կողմերը միմյանց մեղադրում էին խախտումների մեջ։
Զելենսկին իր հերթին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է փոխադարձ քայլերի․ «Մենք արդեն առաջարկել էինք հրադադար Զատկի ընթացքում և գործելու ենք համապատասխանաբար»։
Միևնույն ժամանակ, իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Մոսկվան սպառնացել է հարվածներ հասցնել Բալթյան երկրներին, որոնք թույլ են տալիս Ուկրաինային օգտագործել իրենց օդային տարածքը՝ Ռուսաստանին հարվածող անօդաչու թռչող սարքերի համար։
Զուգահեռաբար, Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ հանդիպումներ է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Քննարկումները վերաբերում են Ուկրաինայի շուրջ հնարավոր խաղաղության համաձայնագրին և ԱՄՆ-Ռուսաստան տնտեսական համագործակցությանը։
Անի Վարդանյան





























