Armenian text to speach

Արտասահմանում սովորողները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ e-draft.am կայքում տեղադրված նախագիծը և պարզել, որ ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման նոր համակարգ ներդնելու առաջարկ։ Նախագծի հանրային քննարկման ժամկետներն են 2026 թվականի ապրիլի 10-ից մինչև ապրիլի 26-ը։Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ աշխարհի առաջատար բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ տարկետում՝ եթե ընդունվել են Academic Ranking of World Universities-ի (Shanghai Ranking) առաջին 50-յակում ընդգրկված համալսարաններ։ Տարկետումը տրամադրվում է բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ծրագրերով ուսումնառության ամբողջ ժամկետով՝ առավելագույնը մինչև 26 տարեկանը։

Նախագծով նաև ներդրվում է նոր մեխանիզմ․ ուսումը ավարտելուց հետո քաղաքացիները կարող են ևս մեկ տարկետում ստանալ՝ պայմանով, որ առնվազն 3 տարի աշխատեն Հայաստանում՝ կառավարության կողմից սահմանված ոլորտներում։ Այդ ոլորտներն են՝ հանրային կառավարում, կրթություն և գիտություն, բարձր տեխնոլոգիաներ, արդյունաբերություն, առողջապահություն, ֆինանսական և ռազմարդյունաբերական ոլորտներ։

Միաժամանակ սահմանվում են խիստ պահանջներ․ տարկետում ստացած քաղաքացիները պարտավոր են յուրաքանչյուր տարի ներկայացնել ուսումնառությունը շարունակելու մասին փաստաթուղթ, իսկ աշխատելու հիմքով տարկետման դեպքում՝ տարեկան առնվազն 183 օր գտնվել Հայաստանում։ Պարտավորությունները չկատարելու դեպքում տարկետումը դադարեցվում է, և քաղաքացին ենթակա է զորակոչի։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների նպատակն է գործող տարկետման համակարգի կատարելագործումը և դրա նպատակային ուղղորդումը՝ արտասահմանում կրթություն ստացող քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու համար։ Նշվում է նաև, որ առաջատար համալսարաններում մեկ մասնագետի կրթությունը կարող է արժենալ մինչև 250,000–350,000 դոլար (օրինակ՝ ԱՄՆ-ում), և առաջարկվող համակարգը հնարավորություն կտա բարձր մասնագիտական ունակություններ ունեցող կադրերը ներգրավել Հայաստանի գիտության, տնտեսության և պետական կառավարման ոլորտներում՝ առանց պետական լրացուցիչ ֆինանսական բեռի։ Նախագծի ընդունման դեպքում նաև նախատեսվում է, որ սահմանված պայմանները կատարած քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Անի Վարդանյան




Լրահոս