ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը վկայում է, որ զինված ուժերում և զորամասերում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ․ ընդհանուր դեպքերի թիվն աճել է, իսկ մի շարք ուղղություններով արձանագրվել են լուրջ բացասական միտումներ։
Տվյալների համաձայն՝ 2025 թվականին ԶՈՒ-ում արձանագրվել է 2248 դեպք՝ 2024 թվականի 2093-ի դիմաց, ինչը նշանակում է 155 դեպքով կամ 7.4% աճ։ Հատկանշական է, որ հատկապես կտրուկ աճել են պատահարները՝ հասնելով 1027-ի (2024-ին՝ 762), այսինքն՝ աճը կազմել է 265 դեպք կամ 34.8%։
Թեև ընդհանուր հանցագործությունների թիվը որոշակիորեն նվազել է՝ 1331-ից հասնելով 1221-ի (նվազում՝ 8.3%), իրավիճակը միանշանակ դրական գնահատել չի կարելի։ Մի կողմից նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները (143 դեպք՝ 2024-ի 217-ի փոխարեն), սակայն մյուս կողմից՝ պահպանվում է հանցագործությունների բարձր մակարդակ, իսկ որոշ ուղղություններով նույնիսկ աճ է արձանագրվել։
Մասնավորապես, աճել են զինվորական ենթակայության և կանոնակարգային հարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ 351 դեպք (աճ՝ 10.7%), ինչպես նաև ռազմական գույքի օգտագործման և պահպանման կանոնների խախտումները՝ 47% աճով։ Միաժամանակ զգալի աճ է գրանցվել նաև հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մասով՝ 235 դեպք՝ նախորդ տարվա 164-ի դիմաց (աճ՝ 43.3%)։
Մտահոգիչ է նաև այն, որ 2025 թվականին արձանագրված 1221 հանցագործություններից 100-ի դեպքում չի հաջողվել պարզել մեղավոր անձանց, ինչի արդյունքում բացահայտման մակարդակը նվազել է՝ կազմելով 91.8% (2024-ին՝ 93.6%)։
Զինվորական կարգապահության խնդիրների մասին են վկայում նաև ծառայությունից խուսափելու դեպքերը։ Թեև պարտադիր ծառայությունից խուսափելու դեպքերը նվազել են՝ կազմելով 1164 (նվազում՝ 20.4%), փոխարենը կտրուկ աճել են վարժական հավաքներից խուսափելու դեպքերը՝ 532 (աճ՝ 75.6%)։
Միևնույն ժամանակ, զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի թիվը զգալիորեն նվազել է։ 2025 թվականին ծառայության հետ կապված մահվան 9 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա 27-ի դիմաց (նվազում՝ 66.7%)։ Սակայն այդ դեպքերի կառուցվածքը ևս հարցեր է առաջացնում՝ արձանագրվել են ինքնասպանության հասցնելու, պաշտոնեական անփութության, բժշկական սխալի, ինչպես նաև հիվանդության և նույնիսկ կայծակի հարվածի հետևանքով մահեր։
2025 թվականի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 375 զինծառայող, այդ թվում՝ 44-ը՝ ծանր։
Կոռուպցիոն գործերի մասով ևս վիճակագրությունը միանշանակ չէ։ Թեև քննված վարույթների թիվը փոքր-ինչ նվազել է (200՝ 214-ի դիմաց), սակայն դրանցով արձանագրված վնասը կտրուկ աճել է՝ հասնելով 175 միլիոն դրամի (2024-ին՝ շուրջ 35.7 մլն դրամ)։
Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում ավարտվել է 3818 քրեական վարույթ, որոնցից 943-ը՝ 1070 անձի վերաբերյալ, ուղարկվել են դատարան։ Միաժամանակ 2875 վարույթ կարճվել է, որոնցից զգալի մասը՝ ռեաբիլիտացնող հիմքերով։
Դատարաններում ևս պատկերը միանշանակ չէ․ թեև 708 գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, սակայն 43 գործով 49 անձ արդարացվել է, ինչը նախորդ տարվա համեմատ աճ է։
Պետությանը պատճառված վնասների մասով արձանագրվել է 411.7 մլն դրամ վնաս, որից մինչդատական փուլում վերականգնվել է մոտ 108.7 մլն դրամը։ Միևնույն ժամանակ, պետական շահերի պաշտպանության ոլորտում արձանագրված վնասը կազմել է ավելի քան 1.43 մլրդ դրամ։
Այսպիսով, թեև առանձին դրական տեղաշարժեր կան՝ հատկապես ծանր հանցագործությունների և մահվան դեպքերի նվազման մասով, ընդհանուր պատկերը շարունակում է մնալ մտահոգիչ․ աճում են պատահարները, որոշ հանցատեսակներ և կարգապահական խնդիրները, իսկ համակարգային խնդիրները շարունակում են պահպանվել։
Ա․ Վարդանյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































