Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր հայտարարություն է տարածել Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում առկա իրավիճակի մասին` նշելով, որ մասնավորապես դաստիարակները, որպես պատժի միջոց՝ երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին:
Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրիչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան:
Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանի հետ: Տիկին Մարգարյանն ասաց, որ ինքը խոսել է դաստիարակի հետ, որը ժխտել է, թե հարվածել է երեխաներից մեկի մատներին:
«Դուք կարող եք գալ և տեղում խոսել դաստիարակների հետ: Սովորաբար ուսուցիչները գրիչով կարող են խփել սեղանին և ասել` լռե՛ք, մի՛ խոսեք: Դաստիարակն այնպիսի նրբիկ աղջիկ է: Դժվար թե նման բան աներ»,- մանրամասնեց տնօրենը:
Ինչ վերաբերում է ժամկետանց սննդի մասին ՄԻՊ-ի բարձրաձայնած փաստին, դպրոցի տնօրենը ևս հերքեց դա:
-Տիկի՛ն Մարգարյան, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր հայտարարության մեջ խոսում էր սննդի պահպանման պայմանների խախտումների մասին:
-Պահեստապետը կաթը դրել էր սառնարանի խցիկում, իսկ նրբերշիկը` ներքևում: Հակառակը պետք է լիներ: Դա չեմ ժխտում:
-Իսկ, ընդհանուր առմամբ, ՄԻՊ-ի հայտարարության մեջ միտում տեսնո՞ւմ եք:
-Ես հետո հայտարարությամբ հանդես կգամ: Ես ամեն ինչի մեջ էլ միտում տեսնում եմ: Եթե մի մարդու սպանած լինեին, այսպիսի մեծ արձագանք չէր գտնի: Չեմ հասկանում` ինչի համար է այս աղմուկը:
80 երեխա են դժվար դաստիարակվող ընտանիքներից: Մի փոքր աղմուկ է եղել, մի՞թե կարելի է այդքան արձագանքել: Մի՞թե այս հաստատությունում մի լավ բան չկա:
-Միգուցե ձեր անձի դեմ ինչ-որ բա՞ն ունեն:
-Միգուցե, ունեն: Այս պահին չեմ կարող ոչինչ ասել: Ընթացքը ցույց կտա:
Զրուցեցինք նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամլո խոսնակ Հասմիկ Խաչատրյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարության աշխատանքային խումբը մեկնել է գիշերօթիկ դպրոց, ուսումնասիրություն անցկացրել և չի հայտնաբերել այն, ինչի մասին խոսում է ՄԻՊ-ը:
«Այնուամենայնիվ, ՄԻՊ-ի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ: Մենք սպասում ենք իրավապահների բացահայտումներին»,-եզրափակեց տիկին Խաչատրյանը:
Սոնա Դավթյան