Մոտ 1 ժամից տեղի կունենա «Արմմոնո» միջազգային փառատոնի փակումը, որին այս տարի մասնակցում էին ոչ միայն հայ, այլև` այլ երկրների ներկայացուցիչներ:
Հայաստանից, ի թիվս այլ մասնակիցների, փառատոնին մասնակցեց նաև դերասանուհի Մարի Գրիգորյանը` «Քուչակն ու Մարին» մոնոներկայացմամբ:
Armlur.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ, ընդհանրապես, մոնոներկայացմամբ հանդես գալու համար պետք է դերասանը լավ պատրաստված լինի, քանի որ ժանրը բավականին բարդ է:
Հիշեցնենք, որ մինչ «Արմմմոնո» միջազգային փառատոնում հանդես գալը, «Քուչակն ու Մարին» մոնոներկայացումը մի քանի անգամ ներկայացվել է հայ հանդիսատեսին և ընդունվել մեծ ջերմությամբ:
Խոսելով փառատոնի այլ մասնակիցների, մասնավորապես` օտարերկրյա դերասանների մոնոներկայացումների մասին` հայ դերասանուհին խոստովանում է` իրեն ամենաշատը դուր է եկել Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի ներկայացումը, իսկ մյուս ներկայացումները դերասանուհուն այդքան էլ դուր չեն եկել. «Ավելի շատ մոնոլոգային ներկայացումներ էին, քան թատերական: Բայց գուցե ճաշակի խնդիր կա»:
Մարի Գրիգորյանի խոսքով՝ եթե համեմատենք հայ և օտար մասնակիցների մոնոներկայացումները, նրանց պատրաստվածությունը, մերոնք ավելի պատրաստված էին:
«Տպավորությունս այնպիսին է, որ դրսի ներկայացուցիչները, կարծես թե, մատների արանքով էին նայել փառատոնին: Մեր դերասանները շատ ավելի արտիստիկ էին, կրքոտ, պոռթկուն, ավելի խորը լուծումներով, քան օտար մասնակիցները՝ բացառությամբ Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Սոնա Դավթյան