Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ Իրանի դեմ նոր հարձակման դեպքում հակամարտությունը կարող է տարածվել տարածաշրջանից դուրս։
Հայտարարության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի օրը, IRGC-ն նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը, ըստ իրենց գնահատման, դասեր չեն քաղել նախկին ռազմավարական պարտություններից և կրկին դիմում են սպառնալիքների։
Իրանի ռազմական կառույցի հայտարարության համաձայն՝ վերջին բախումների ընթացքում Իրանը չի կիրառել իր ամբողջ ռազմական ներուժը։
«Ամերիկա-սիոնիստական թշնամիները, որոնք չեն սովորել իրենց կրկնվող ռազմավարական պարտություններից, կրկին դիմել են սպառնալիքների, պետք է իմանան, որ թեև նրանք հարձակվել են մեր վրա՝ օգտագործելով աշխարհի ամենաթանկարժեք բանակներից երկուսի բոլոր հնարավորությունները, մենք չենք կիրառել Իսլամական հեղափոխության ամբողջ ներուժը», – նշվում է հայտարարության մեջ։
IRGC-ն նաև զգուշացրել է, որ նոր ագրեսիայի դեպքում տարածաշրջանային պատերազմը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից։
«Եթե ագրեսիան կրկնվի, տարածաշրջանային պատերազմը, որը նախկինում կանխատեսվել էր, այս անգամ կտարածվի տարածաշրջանից դուրս, և մեր հարվածները կհասցնեն ձեզ անակնկալ և կործանարար հետևանքներ այն վայրերում, որոնք դուք չեք պատկերացնում», – ասվում է հայտարարության մեջ։
Կորպուսը հավելել է, որ իրենք «պատերազմի մարդիկ են» և իրենց ուժը կցուցադրեն ոչ թե հայտարարություններով, այլ մարտադաշտում։
Անի Վարդանյան






























