«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական եւ բիզնես շրջանակներում խոսվում է, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերության 50 տոկոսը։
Երբ Արսենյանին հարցրեցինք՝ ճի՞շտ են այս տեղեկությունները, նա պատասխանեց. «Չկա նման բան»։ Այդուհանդերձ, նույն շրջանակները, ի դեպ՝ նաեւ «Ջերմուկ գրուպի» աշխատակիցները, նշում են, թե Արսենյանին նեղում են բիզնեսում, եւ նա անգամ իր ընտանիքին է Հայաստանից Գերմանիա տեղափոխվել։ Սույն տեղեկությունը եւս ՀՀԿ-ական պատգամավորը երեկ հերքեց։
Մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվել էր, որ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ձեռք էր բերել նաեւ «Պեպսի-կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ եւ Հարավային Կովկասում «Պեպսի-կոլայի» կառավարման իրավունքը։ Իսկ «Պեպսի-կոլայի» վաճառքը ՀՀ-ում կենտրոնացած էր Արսենյանի ձեռքում։ Երեկ, երբ նրան հարցրեցինք՝ Ճի՞շտ են սույն տեղեկությունները, նա, նախ, պատասխանեց. «Պեպսիի հետ ես կապ չունեմ»։ Հիշեցմանը՝ բայց նախկինում դուք էիք Հայաստանում իրականացնում դրա վաճառքը՝ Արսենյանը պատասխանեց. «Իմ տղան է, հիմա էլ կա»։ Սակայն Արմեն Սարգսյանը վերցրել է դրա մի մասը, այդպե՞ս է՝ հարցին պատգամավորը պատասխանեց. «Ոչ, ամբողջությամբ մերն է»։ Հիշեցնենք, բավական հաջողակ գործարար-պատգամավոր Աշոտ Արսենյանը տարիներ շարունակ համարվել է Սերժ Սարգսյանի մերձավորը, ով իր ամառային արձակուրդների մի մասը սովորաբար անցկացնում էր Արսենյանի՝ Բադեն-Բադենում գտնվող առանձնատանը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։