ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղում տեղի ունեցած աղմկահարույց եռակի սպանության տեսագրությունը, որը նոր հարցադրումներ է առաջացնում դեպքի պաշտոնական և ոչ պաշտոնական վարկածների շուրջ։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 26-ին Նորապատ գյուղի գերեզմանատան տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել էին երեք անձինք՝ 64-ամյա Սաշա Բաբայանը, 43-ամյա Մայիս Բաբայանը և 44-ամյա Խդր Բաբայանը։ Բոլորն էլ ազգությամբ եզդիներ են:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ազգությամբ եզդի տղամարդը իր մորը վիրավորելու կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով երեք մարդ տեղում մահացել էր։ Դեպքից հետո կրակոցներ արձակած անձը ներկայացել էր ոստիկանության Արմավիրի բաժին։
Սակայն ArmԼur.am-ի ձեռքում հայտնված տեսագրությունը և համագյուղացիների պատմածը մի շարք հանգամանքների վերաբերյալ կասկածներ են առաջացնում։
Մասնավորապես, տեսանյութի կադրերից երևում է, որ սկզբում դեպքի վայրում եղել է միայն առաջին զոհը։ Սպանվողը կարծես թե ձեռքերով աղերսում էր չսպանել իրեն, փորձում է փախչել և թաքնվել: Հետո ենթադրաբար, համենայնդեպս տպավորություն է, որ մայրն է թաքստոցը ցույց տալիս որդուն, ով տեղում սպանում է նրան: Բայց նաև երևում է, որ ենթադրաբար մայրը կարծես թե հարվածում է սպանվածին:
Համագյուղացիների նկարագրելով, առաջին զոհը մինչ սպանվելը հասցնում է զանգահարել ենթադրաբար հորը և օգնություն խնդրել: Սակայն մինչև դեպքի վայր են հասել հայրը և եղբայրը, նա արդեն սպանված է եղել։ Դրանից հետո նույն անձի կողմից կրակոցների զոհ են դառնում նաև հայրն ու մյուս որդին։
Կադրերից ակնհայտ երևում է, որ կողմերը իրար լավ են ճանաչում և թշնամանք կա միմյանց նկատմամբ: Armlur.am-ի հետ զրույցներում մի շարք համագյուղացիներ, որոնք չեն ցանկացել ներկայանալ, տարակուսանք հայտնեցին այն մասով, որ դեպքը հանրային տիրույթում ներկայացվել է ինքնապաշտպանության համատեքստում, թե միջադեպի պատճառը մոր նկատմամբ հարձակումն է եղել։ Նրանց դիտարկմամբ՝ տեսանյութից էլ երևում է, որ սպանված անձինք միասին չեն եղել, միայն մի որդին է եղել, իսկ մյուս երկու տղամարդիկ հետո են եկել: Ավելին՝ կրակոցներ արձակած անձը զինված է եղել ավտոմատ զենքով, ոչ թե որսորդական:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղում լարված մթնոլորտ է տիրում այժմ։
Գյուղում մարդիկ պատմեցին մեզ, որ նույն ընտանիքի 3 տղամարդկանց հոգեհանգստի օրը դիակների դեմքերը փակ են եղել, ինչը ենթադրել է տալիս, որ նաև դիակապտություն է տեղի ունեցել. կրակոցներից բացի վնասել են մարմինները:
Համագյուղացիների մի մասը մտավախություն ունի, որ տեղի ունեցած մեծ ողբերգությունից հետո կարող են խորանալ հակասությունները, և չեն բացառում նաև վրեժխնդրության գործողությունների վտանգը։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։
Հ. Գ. Եթե իրավապահները բացի ընդդիմադիր շտաբներով զբաղվելուց նաև հանցագործությունների կանխմամբ և նախականխմամբ զբաղվեին, գուցե 1 ընտամիքից 3 զոհ չէինք ունենա: Իրավապահները կտիրապետեին օպերատիվ իրավիճակին և երբեմնի մտերիմ համագյուղացիների միջև առկա թշնամանքի մասին տեղեկությունը կիմանային: Վստահաբար հնարավոր կլիներ կանխել սպանությունները:
Մանրամասները՝ տեսանյութում․






























