Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ տարածաշրջանում հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական բազաներին՝ ի պատասխան ավելի վաղ իրականացված ամերիկյան գործողությունների։ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածները, որոնք պաշտոնական աղբյուրների կողմից ներկայացվել էին որպես «ինքնապաշտպանական», արդեն ավարտված են։
Ըստ CNN-ի հաղորդման՝ Իրանը հայտարարել է, որ պատասխան գործողություններ է իրականացրել ԱՄՆ-ի թիրախների դեմ տարածաշրջանում՝ այն բանից հետո, երբ ամերիկյան զինված ուժերը հարվածներ էին հասցրել Իրանին՝ ի պատասխան, ինչպես նշվում է, ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման Օրմուզի նեղուցի մոտ՝ երկուշաբթի գիշերը։
CNN-ի լրագրող Իվան Ուոթսոնի փոխանցմամբ՝ Իրանը հրապարակել է տեսանյութեր, որտեղ, ըստ իրանական կողմի, երևում են ԱՄՆ թիրախների ուղղությամբ հրթիռների արձակումներ։
Վերջին զարգացումները
- Իրանի հարվածները ԱՄՆ բազաներին․ Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին տարածաշրջանում։ Բահրեյնում CNN-ի կողմից աշխարհագրական վերլուծությամբ հաստատված տեսանյութերում երևում է պայծառ բռնկում ԱՄՆ բազայի մոտակայքում։ Հորդանանը և Քուվեյթը հայտնել են, որ հաջողվել է կասեցնել որոշ հարվածներ։
- ԱՄՆ-ի գործողությունները․ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ավարտել են Իրանի ուղղությամբ իրականացված հարվածները՝ ի պատասխան ամերիկյան բանակի ուղղաթիռի խոցման։ Ամերիկյան պաշտոնյան CNN-ին հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը կարծում է՝ այս գործողությունները չեն խոչընդոտի բանակցային գործընթացին։
- Իրանում իրավիճակը․ Իրանի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ Հրմուզի նեղուցի շրջակայքում երեք ռազմավարական կետերում լսվել են պայթյուններ։ Հարվածների հետևանքով, ըստ հաղորդումների, վնասվել են երկու ջրամբարներ, ինչի արդյունքում խափանվել է տարածաշրջանի ջրամատակարարումը։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




























