ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը համաձայնության են եկել փոխըմբռնման հուշագրի շուրջ, որը նախատեսում է ավարտել ավելի քան 100 օր շարունակվող պատերազմը։ Պաշտոնական ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին՝ Ժնևում։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարությունը հայտնել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռազմական գործողությունները կդադարեցվեն բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, իսկ Իրանի դեմ կիրառվող ծովային շրջափակումը կվերացվի։
«Պատերազմն ու ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով անմիջապես և մշտապես դադարեցվում են այս գիշերվանից»,- ասվում է հայտարարության մեջ։
Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրառմամբ նշել է, որ համաձայնագիրը կբերի խաղաղություն և անվտանգություն ողջ տարածաշրջանին։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքն այժմ ավարտված է։ Ես լիովին թույլատրում եմ Հորմուզի նեղուցի բացումը բոլոր նավերի համար և Միացյալ Նահանգների ծովային շրջափակման անհապաղ վերացումը»,- գրել է նա։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, որ հրադադարը կարող է «նոր դարաշրջան» բացել Մերձավոր Արևելքի համար՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի հիմնական նպատակներից մեկն այն է, որպեսզի Իրանը երբեք միջուկային զենք չունենա։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտնել է, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն 60 օր և կախված կլինեն նրանից, թե արդյոք ԱՄՆ-ն կկատարի ստանձնած պարտավորությունները։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որի երկիրը Կատարի հետ միասին միջնորդել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները, հայտարարել է, որ կողմերը համաձայնել են «ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցմանը»։
Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ համաձայնագրի նախագծում ներառված է 14 կետ։ Դրանց թվում են ռազմական գործողությունների դադարեցումը, Հորմուզի նեղուցի վերաբացումը, ԱՄՆ-ի կողմից Իրանի շուրջ տեղակայված ուժերի դուրսբերումը, ինչպես նաև Իրանի սառեցված 24 միլիարդ դոլարի ակտիվների ազատումը։
Միաժամանակ հաղորդվում է, որ Իրանի հրթիռային ծրագրին և տարածաշրջանային դաշնակից խմբավորումներին վերաբերող հարցերը հանվել են բանակցային օրակարգից։
Քաթարի և Պակիստանի իշխանությունները ողջունել են ձեռք բերված պայմանավորվածությունը՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ տարածաշրջանային կայունության և տնտեսական զարգացման ուղղությամբ։
Հեղինակ՝ Անի Վարդանյան
























































































