Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի տեխնիկական բանակցությունների հերթական փուլը։ Չնայած կողմերը չեն հայտարարել խաղաղության հասնելու ուղղությամբ զգալի առաջընթացի մասին, բանակցությունների ավարտին հաստատվել է, որ երկխոսությունը կշարունակվի։
Բանակցությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ վերջին օրերին ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ ռազմական հարվածներ էին հասցրել միմյանց՝ Հորմուզի նեղուցում նավագնացության շուրջ առաջացած լարվածության ֆոնին։
Դոհայում Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին՝ վերահաստատելով, որ Կատարը և Պակիստանը շարունակելու են միջնորդական ջանքերը Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Իրանական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադիը։ Միաժամանակ բանակցություններին չեն մասնակցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ու խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Ղարիբաբադիի խոսքով՝ անցկացվել է երկու առանձին հանդիպում։ Առաջինի ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների ենթադրյալ խախտումները, և կողմերը համաձայնել են ստեղծել մշտական հաղորդակցության ուղի՝ տարաձայնությունները կարգավորելու նպատակով։ Երկրորդ հանդիպման ընթացքում քննարկվել է Իրանի սառեցված 6 միլիարդ դոլարի միջոցների ազատման հարցը։ Նրա խոսքով՝ Կատարի իշխանությունների և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ համաձայնեցվել է, որ այդ միջոցների մի մասը կօգտագործվի Իրանի ներկայացրած կարիքներին համապատասխան անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման համար։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ բանակցություններում քննարկվել է նաև Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը։ Աղբյուրների համաձայն՝ օրակարգում եղել են նաև Իրանի միջուկային ծրագիրը, սառեցված ակտիվները և Լիբանանում ստեղծված իրավիճակը։ Միաժամանակ բեռնափոխադրումների տվյալները ցույց են տալիս, որ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը վերականգնվում է․ հունիսի 22–28-ն ընկած շաբաթվա ընթացքում այն աճել է ավելի քան 50 տոկոսով։
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը նաև հայտարարել է, որ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունի տեսուչները ներկայումս մուտք չունեն Ֆորդոյի, Նաթանզի և Իսֆահանի միջուկային օբյեկտներ, որոնք նախորդ տարվա 12-օրյա պատերազմի ընթացքում ենթարկվել էին ռմբակոծության։ Նրա խոսքով՝ գործակալության ներկայացուցիչներն այժմ կարող են այցելել միայն Բուշեհրի ատոմակայան և Թեհրանի հետազոտական ռեակտոր, քանի որ Իրանի խորհրդարանն օրենք է ընդունել, որն արգելում է նման մուտքը։
Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին հայտարարել է, որ տեխնիկական բանակցությունների ընթացքում արձանագրվել է «դրական առաջընթաց»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները համաձայնել են շարունակել բանակցությունները, իսկ հաջորդ հանդիպումը կկազմակերպվի Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններից հետո։
Վեցօրյա սգո և հուղարկավորության արարողությունները նախատեսված է սկսել շաբաթ օրը՝ Իրանում և Իրաքում։ Արարողություններին մասնակցելու նպատակով Թեհրան է մեկնելու նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։
Անի Վարդանյան




























