Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիային երեկ միացել էին Նոր Արեշի 127/1 վթարային ութհարկանի շենքի բնակիչները: Նպատակը մեկն էր` ցանկացած գնով կառավարությունից ստանալ օգնություն կամ բնակարան:
Շենքը 4-րդ կարգի վթարային է, եւ բնակիչների պնդմամբ` ամեն պահի կարող է փլուզվել: Արդեն 3 տարի է, ինչ շենքի բնակիչները կանգնած են նման խնդրի առաջ: Ցույցեր են կազմակերպում ե՛ւ քաղաքապետարանի, ե՛ւ Ազգային Ժողովի, ե՛ւ կառավարության շենքերի դիմաց: Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նրանց խոստացել էր մինչեւ դեկտեմբերի սկիզբ լուծել խնդիրը: Թեեւ արդեն դեկտեմբեր ամսվա կեսն է, բայց քաղաքացիների խնդրին դեռ լուծում չի տրվել:
Ու չնայած երեկվա սարսափելի ցրտին, բնակիչները, նորից կառավարության շենքի դիմաց կանգնած, ուզում էին խոսել վարչապետ Տիգրան Սարգսյանի կամ ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Բայց վարչապետի հետ խոսելու հնարավորություն ունենալու փոխարեն, արժանանում էին շենքի դռների հետեւում կանգնած այլ պաշտոնյաների ցինիկ ծիծաղին, որոնք այդտեղից բարեհաճեցին հեռանալ միայն բնակիչների` էլ ավելի բորբոքված վիրավորական արտահայտությունները լսելուց հետո: Հետաքրքիրն այն է, որ փողոցում թափառող շներն էին արդեն «կարդում» ցուցանակները, իսկ կառավարության անդամներից ոչ ոք չցանկացավ նույնիսկ ներքեւ իջնել: Հավաքվածներն էլ դառնացած ասում էին. «Բա մեր նման անտեր շուն եք, ձեզ կհետաքրքրի, կարդացե՛ք, իրենց ինչի՞ պետք է հետաքրքրի որ»:
Բնակիչները վախենում են ոչ միայն իրենց, այլեւ երեխաների կյանքի համար: «Տանը նստած զգում ենք, թե ինչպես է ցնցվում շենքը: Տանիքից ջուր է կաթում, պատերն էլ այնքան բարակ են, որ նույնիսկ տաքացնելու դեպքում տարբերություն չենք զգում»,-պատմում է 65-ամյա Էվելինան:
Բնակիչներից նրանք, ովքեր քիչ, թե շատ հնարավորություն ունեն, գնացել են վարձով բնակարաններում ապրելու: Իսկ նրանք, ովքեր ի վիճակի չեն բնակարան վարձակալել, ստիպված են իրենց երեխաներին ուղարկել բարեկամների տուն: «Որովհետեւ շենքն ամեն պահի կարող է փլուզվել: Տարբեր հեռուստաընկերություններից եկել եւ նկարահանել են, ցուցադրել հեռուստացույցով, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք կամ օգնություն չենք ստացել: Ինչն էլ վերանորոգել ենք, արել ենք միայն մեր ուժերով»,-ասում է Էվելինան:
Վթարային շենքի բնակիչները շարունակում են խնդրել` կա՛մ իրենց ոչ վթարային բնակարաններ տրամադրել, կա՛մ արտաքսել երկրից, որովհետեւ նման անմարդկային պայմաններում ապրելն այլեւս անհնար է:
ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ