Armenian text to speach

Անկարան շահագրգռված չէ Իսրայելի հետ հակամարտությամբ․ Թուրքիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան Իսրայելի հետ բաց հակամարտություն սկսելու պատճառներ չունի, The National-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Նրա խոսքով՝ Իսրայելում դեռևս կան «ողջամիտ ու լավ մարդիկ», որոնք ունակ են որոշումներ ընդունել՝ հաշվի առնելով ռազմավարական շահերը:

Միևնույն ժամանակ, Ֆիդանը կարծում է, որ ընտրությունների մոտեցման ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և մի շարք այլ քաղաքական գործիչներ կարող են շահագրգռված լինել նոր արտաքին թշնամու կերպարի ստեղծմամբ։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ ՀԱՄԱՍ-ի, «Հըզբոլլահի» և Իրանի դեմ ռազմական գործողություններից հետո իսրայելական իշխանություններին անհրաժեշտ է դիմակայության նոր օբյեկտ՝ երկրի ներսում աջակցությունն ամրապնդելու համար:

Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը փորձում է Թուրքիան ներկայացնել հենց որպես այդպիսի թշնամի։ «Նեթանյահուի և նրա կառավարության քաղաքականությունը բեռ է հենց Իսրայելի, տարածշրջանի համար և սպառնալիք է միջազգային անվտանգությանը»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն իսրայելական իշխանություններին մեղադրել էր ապատեղեկատվություն տարածելու և Գազայում տիրող իրավիճակից ուշադրությունը շեղելու փորձերի մեջ։ Անկարայում հայտարարում էին, որ Նեթանյահուի կառավարությունը քարոզչությունն օգտագործում է միջազգային օրակարգը փոխելու համար։

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները լարված են մնում 2021 թվականից՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական սրումից հետո։ Անկարան բազմիցս քննադատել է իսրայելական ղեկավարության գործողությունները Գազայում։




Լրահոս