Ֆինլանդիայի կառավարությունը առաջարկել է սահմանային անվտանգության մասին օրենքը երկարաձգել մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հուլիսի 10-ին Ֆինլանդիայի Ներքին գործերի նախարարության կայքում։
Հայտարարության համաձայն՝ օրենքը սահմանում է կանոններ, որոնց համաձայն Ֆինլանդիան որոշակի պայմաններում կարող է մերժել ապաստան հայցողների մուտքը կամ վտարել նրանց: Օրենքի նպատակն է պայքարել «գործիքային միգրացիայի» դեմ։
Նշվում է, որ օրենքը ժամանակավոր է և դրա կիրառման համար անհրաժեշտ է կառավարության և նախագահի առանձին որոշում։
Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել մինչև օգոստոսի 14-ը, իսկ Ֆինլանդիայի խորհրդարանին ներկայացումը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին: Նախարարությունը նշել է, որ օրենքի բովանդակության մեջ որևէ փոփոխություն չի նախատեսվում:




























