Ֆինլանդիան և Շվեդիան արագ արձագանքման հերթապահության (QRA) շրջանակում կործանիչներ են օդ բարձրացրել՝ Ֆիննական ծոցի միջազգային օդային տարածքում ռուսական ինքնաթիռների խմբին նույնականացնելու համար։
Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի։ Երկու երկրների կործանիչները հայտնաբերել են ռուսական «Տու-134» տրանսպորտային ինքնաթիռ, ինչպես նաև «ՄիԳ-31» և «Սու-30» կործանիչներ։
Ռուսական ինքնաթիռները գտնվել են միջազգային օդային տարածքում։ Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը նշել են, որ սա երկու երկրների օդուժերի համատեղ առաջին օպերացիոն նույնականացման առաքելությունն է։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ Բալթիկ ծովը ներկայում ավելի խոցելի է, քան երբևէ, սակայն միաժամանակ՝ ավելի պաշտպանված։
Բալթիկ ծովում լարվածությունը վերջին տարիներին աճել է, և սկանդինավյան երկրների կործանիչները պարբերաբար օդ են բարձրացվում ռուսական ինքնաթիռներին հետևելու և նույնականացնելու նպատակով։ Ռուսաստանի՝ 2022 թվականին Ուկրաինա ներխուժումից հետո Ֆինլանդիան և Շվեդիան հրաժարվել են երկարամյա ռազմական չեզոքությունից և անդամակցել ՆԱՏՕ-ին։
Միջադեպին զուգահեռ Դանիայի ռազմական հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի երկրների դեմ ռազմական գործողությունների ռիսկը աճում է։ Միևնույն ժամանակ ծառայությունը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը շարունակում է համարվել «խիստ քիչ հավանական», թեև այն ամբողջությամբ բացառել հնարավոր չէ։
Դանիական հետախուզության գնահատմամբ՝ Ռուսաստանը կարող է ակտիվացնել նաև այսպես կոչված հիբրիդային գործողությունները՝ ներառյալ դիվերսիաները, կիբերհարձակումները և Ուկրաինային արևմտյան աջակցության խոչընդոտմանն ուղղված գործողությունները։
Եվրոպական երկրները վերջին տարիներին բարձրացրել են զգոնությունը՝ Ռուսաստանի կողմից հնարավոր միջամտությունների և անվտանգության սպառնալիքների ֆոնին։
Անի Վարդանյան




























