Հռոմի պապ Լևոն XIV-ը նոյեմբերին 11-օրյա հովվապետական այց կկատարի Լատինական Ամերիկա՝ այցելելով Ուրուգվայ, Արգենտինա և Պերու։ Այդ մասին հայտնել է Vatican News-ը։
Նոյեմբերի 6-17-ը նախատեսված այցը կդառնա Լևոն XIV-ի վեցերորդ միջազգային ուղևորությունը՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելուց հետո։ Այցի ընթացքում նա կլինի 10 քաղաքում։
Ուղևորությունը կմեկնարկի Ուրուգվայում, որտեղ նոյեմբերի 6-8-ը պապը կայցելի Մոնտեվիդեո, Պայսանդու և Ֆլորիդա քաղաքներ։
Այնուհետև նա կմեկնի Արգենտինա՝ այցելելով Բուենոս Այրես, Կորդոբա և Լուխան։ Այս այցը խորհրդանշական է, քանի որ այն կլինի Արգենտինա կատարված առաջին պապական այցը հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պաշտոնավարման ավարտից հետո։ Ֆրանցիսկոսը, որը ծնունդով Բուենոս Այրեսից էր, իր 12-ամյա հովվապետության ընթացքում երբեք չայցելեց հայրենիք։
Այցի վերջին փուլում՝ նոյեմբերի 11-17-ը, Լևոն XIV-ը կգտնվի Պերուում, որտեղ կայցելի Լիմա, Չիկլայո, Կուսկո և Պուկալպա քաղաքներ։
Vatican News-ը նշում է, որ Պերուն առանձնահատուկ նշանակություն ունի Հռոմի պապ Լևոն XIV-ի համար։ Նա առաջին անգամ այնտեղ է ժամանել որպես միսիոներ դեռևս 1980-ականներին, հետագայում ծառայել է որպես եպիսկոպոս և ստացել Պերուի քաղաքացիություն։
Անի Վարդանյան























