Armenian text to speach

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները փակուղում են․ նավթը թանկանում է, նավերի վրա հարձակումները՝ շարունակվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների հեռանկարն ավելի է մշուշոտվել։ Օգոստոսի 11-ին նավագնացության ուղղությամբ նոր հարձակումներ են գրանցվել, իսկ Իրանը հայտարարել է, որ առանց ԱՄՆ-ի կողմից իր պայմանների ընդունման չի վերաբացի Հորմուզի նեղուցը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Հարձակումները տեղի են ունեցել համաշխարհային նավթամատակարարման համար կարևոր երկու հատվածներում՝ Օմանի ծոցում և Կարմիր ծովի մուտքի մոտ՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում։

Բաբ էլ-Մանդեբում ենթադրյալ հութիական հարձակման հետևանքով զոհվել է բեռնանավի անձնակազմի չորս անդամ։ Եմենի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ հարձակման է ենթարկվել եգիպտական «Tihamah» բեռնանավը։ Եմենի առափնյա պահպանությունն էլ հայտնել է, որ զոհվել են հակահութիական ռազմական խմբավորման երկու փրկարարներ։

Միաժամանակ ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ ամերիկյան ռազմածովային ուժերի MH-60 ուղղաթիռը երկու Hellfire հրթիռ է արձակել Պանամայի դրոշով նավարկող բեռնանավի ուղղությամբ՝ վնասելով նավի ղեկավարման համակարգը։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ նավը խախտել էր իրանական նավահանգիստների նկատմամբ սահմանված ծովային շրջափակումը։

Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները։ Դրանք ներառում են Իրանի սառեցված ակտիվների ազատումը և տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում ու Գազայում, հակամարտությունների դադարեցումը։

Դրան նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը, որ Իրանը փոխհատուցում վճարի վերջին 50 տարիների պատերազմների, հարձակումների և բողոքի ակցիաների հետևանքով զոհվածների համար։ Թրամփը միաժամանակ շարունակում է հայտարարել, որ հնարավոր է համաձայնության հասնել, սակայն նաև սպառնում է նոր հարվածներով։

Նոր հարձակումների և բանակցությունների շուրջ անորոշության ֆոնին նավթի գները բարձրացել են։ Brent տեսակի նավթի գինը աճել է 1.4 տոկոսով՝ հասնելով 88.91 դոլարի, իսկ WTI-ն՝ 1.3 տոկոսով՝ 83.20 դոլարի։

Մինչ պատերազմը Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը, ինչի պատճառով նեղուցի փակ լինելը շարունակում է լուրջ ռիսկեր ստեղծել համաշխարհային էներգետիկ շուկաների համար։

Հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին։  Այդ ժամանակից ի վեր հազարավոր մարդիկ են զոհվել։

Անի Վարդանյան




Լրահոս