ՊՈԿԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԻ ՓՈՂԿԱՊԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին միջադեպ է գրանցվել Չայկինայի 5-րդ փողոցում` ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տան հարակից տարածքում: Ինչ-որ մի երիտասարդ Ազիզյանի ընտանիքի հասցեին հայհոյանքներ է տվել, իսկ այն մարդիկ, որոնք փորձել են կանխել միջադեպը, հայտնվել են երիտասարդի բռունցքի «տակ»: Վերջինս ոստիկանության աշխատակցի հետ եւս կռվի է բռնվել, ինչից հետո հայտնվել է ոստիկանությունում:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 15-ին` ժամը 20:25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Չայկինայի 5-րդ փողոցում գտնվող Նապոլեոն Ազիզյանի տանը վիճաբանություն է տեղի ունեցել:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ ժամը 20:00-ին Սիսվանի փողոցի թիվ 57 տան դիմաց մի երիտասարդ վիճաբանության է բռնվել մի քանի հոգու հետ: Ըստ մեր տեղեկությունների`  30-ամյա Ահարոն Վահանյանը խմած վիճակում գնացել է ԱԺ նախկին պատգամավորի տան մոտ եւ սկսել է բարձրաձայն հայհոյել: Մոտ 20-25 րոպե հայհոյանքներ է տվել Նապոլեոն Ազիզյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին, աղմկել ու կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը: Ահարոն Վահանյանը վիճաբանել է նաեւ այն մարդկանց հետ, որոնք փորձել են նրան հանդարտեցնել եւ հասարակական կարգի խախտումը դադարեցնել:
30-ամյա երիտասարդը քաշքշել է իրեն հանդարտեցնող 25-ամյա Նարեկ Հովհաննիսյանին, 38-ամյա Արթուրիկ Ներսիսյանին եւ Վարդան Ազիզյանին, հրել եւ վայր գցել վերջինիս` նրան վնասվածք պատճառելով ձախ ձեռքի ափի շրջանում: Պարզվում է, որ Ահարոնն այնքան «կատաղած» եւ խմած է եղել, որ հարձակվել է անգամ ոստիկանության աշխատակիցների վրա: Նա ոստիկանության ծառայողին քաշքշել է, պոկել համազգեստի փողկապը, բռունցքներով հարվածել նրա կրծքին եւ ուսին:
Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է 30-ամյա Ահարոնին բերման ենթարկել ոստիկանության բաժին: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ահարոն Վահանյանը նախկինում  Ազիզյանի բնակարանում վերանորոգման աշխատանքներ է  կատարել, եւ  իբր Ազիզյանը քիչ է վճարել: Այսինքն` վիճաբանության առիթն  այդ աշխատանքների դիմաց վարձատրության պարտքերի վերադարձի պահանջն է եղել: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` Ահարոն Վահանյանը ոստիկանությանը հայտնել է, թե ինքն Ազիզյանի տունը վերանորոգել է, իսկ վերջինս խոստացված գումարը չի վճարել, ու քանի որ ինքը չի կարողանում այդ գումարը ստանալ, որոշել է գնալ այնտեղ եւ պահանջել Ազիզյանի ընտանիքից:
Երեկ, երբ փորձեցինք զրուցել ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հետ, վերջինս ասաց, որ այդ օրն ինքը Երեւանում չի եղել եւ դեպքի մանրամասներին ծանոթ չէ: Իսկ ինչ վերաբերում է այն տեղեկությանը, թե Ազիզյանը չի վճարել իր աշխատողին, ապա ասաց. «Չէ՛, չէ՛, այդպիսի բան չկա, ես չեմ էլ ճանաչում, տեղյակ չեմ, թե ով է այդ երիտասարդը, ինչ տան վերանորոգել, ինչ գումար, ես չեմ հասկանում` որտեղից են նման տեղեկությունները հորինում, ուղղակի զարմանում են, թե որտեղից են մարդիկ նման ինֆորմացիաներ իմանում եւ տարածում: Ա՜յ քեզ բան, ես Կիրովականում էի եւ ընդհանրապես տեղեկություն չունեմ, թե ինչ է կատարվել, եւ ովքեր են այդ տեղեկություն տարածողները»:
Նապոլեոն Ազիզյանին ճանաչողներն ուղղակի ծիծաղելի են համարում այն տեղեկությունը, որ նա կարող էր իր տան աշխատողին գումար չվճարել կամ խաբել: Նրանք կարծում են, որ  ինչ-որ մեկը փորձում է «սարքել» ԱԺ նախկին պատգամավորի գլխին` այս կերպ վարկաբեկելով նրան:
Նշենք, որ Վարդան Ազիզյանին եւ ոստիկանության ծառայողին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս