Նեպալում Տիբեթի հետ սահմանին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների և սելավների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Երկրի աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ ավելի քան 3900 մարդ շարունակում է անհետ կորած համարվել, այդ թվում՝ ավելի քան 600 աշխատակիցներ, որոնք ենթադրաբար արգելափակված են Տրիշուլի գետի երկայնքով գտնվող հիդրոէլեկտրակայանների՝ ցեխով լցված թունելներում։
Նեպալի վարչապետ Բալենդրա Շահի խոսքով՝ հիդրոէլեկտրակայանների տարածքներից արդեն 279 մարդ է փրկվել։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված են Նեպալի և Չինաստանի զինվորականները, ինչպես նաև մասնագետներ Հնդկաստանից, Հարավային Կորեայից և Ավստրալիայից։
Բանակի ստորաբաժանումները որոշ հատվածներում պայթուցիկներ են օգտագործում՝ լեռնալանջերը բացելու և թունելներին հասնելու համար։ Փրկարարական աշխատանքները բարդանում են այն պատճառով, որ ջրհեղեղները ամբողջությամբ փոխել են տարածքի տեսքը։
Նեպալի հիդրոէներգետիկ ենթակառուցվածքը մեծ վնասներ է կրել։ Իշխանությունների տվյալներով՝ ջրհեղեղների հետևանքով վնասվել է առնվազն 11 հիդրոէներգետիկ նախագիծ, որոնք արդեն ավարտված էին կամ գտնվում էին կառուցման փուլում։ Դրանցից յուրաքանչյուրում աշխատում են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ տեղի և արտագնա աշխատողներ, ինչպես նաև ինժեներներ։
Անհետ կորածների հարազատները դժգոհում են փրկարարական գործողությունների դանդաղ ընթացքից՝ նշելով, որ օդի մատակարարումը թունելներ պետք է ավելի վաղ սկսվեր։ Միաժամանակ որոշ ընտանիքներ դեռ հույս ունեն, որ թունելներում գտնվող մարդիկ կարող են ողջ լինել, քանի որ որոշ հատվածներում առկա են թթվածնի համակարգեր։
Նեպալի վարչապետը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքներն ակտիվացվել են՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը «սովորական» աղետ չէ։ Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխության պայմաններում Հիմալայան տարածաշրջանում նման աղետների վտանգը մեծանում է, և միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի տարածաշրջանի կլիմայական աղետներին։
Միաժամանակ երկրում լուրջ խնդիր է առաջացել հայտնաբերված զոհերի նույնականացման հարցում։ Նեպալի առողջապահության նախարարության տվյալներով՝ հայտնաբերված շուրջ 900 մարմինների միայն 4 տոկոսն է մինչ այժմ նույնականացվել։
Տիբեթի հատվածում Չինաստանի պետական լրատվամիջոցները հայտնում են 16 զոհի և 546 անհետ կորածի մասին։ Ջրհեղեղների հետևանքների մասին տեղեկությունները Չինաստանում խիստ վերահսկվում են, իսկ իշխանությունները վարչական պատասխանատվության են ենթարկել այն անձանց, որոնք համացանցում տարածել են զոհերի իրական թիվը պաշտոնապես հայտարարվածից ավելի բարձր լինելու մասին ենթադրություններ։
Նեպալի իշխանություններն էլ կարգադրել են հեռացնել ջրհեղեղների վերաբերյալ այն առցանց հրապարակումները, որոնք, իրենց գնահատմամբ, ապատեղեկատվություն են պարունակում։
Անի Վարդանյան



























