Չինաստանը հակադարձել է ԱՄՆ արհեստական բանականության ոլորտի ղեկավարների կոչերին՝ տեխնոլոգիաների զարգացումը դանդաղեցնելու վերաբերյալ։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գուո Ցզյակունը հայտարարել է, որ «վախի սերմանումը, առճակատումը և մրցակցությունը» կարող են խաթարել արհեստական բանականության գլոբալ կառավարման գործընթացը։
ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները, այդ թվում՝ Anthropic-ի Դարիո Ամոդեյը և OpenAI-ի Սեմ Ալթմանը, զգուշացրել են արագ զարգացող արհեստական բանականության հնարավոր վտանգների մասին։ Միևնույն ժամանակ, Ամոդեյը նշել է, որ ԱՄՆ-ը չպետք է չափազանց դանդաղեցնի զարգացումը, քանի որ Չինաստանը կարող է առաջ անցնել։
Չինաստանի պետական անվտանգության նախարար Չեն Իսինը հայտարարել է, որ արհեստական բանականությունը դարձել է խոշոր տերությունների ռազմավարական մրցակցության կարևոր ոլորտ։ Նա կոչ է արել արագ զարգացնել ոլորտի անվտանգության ռիսկերի կանխարգելման և վերահսկման համակարգերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս դեմ է արտահայտվել զարգացումը դանդաղեցնելու գաղափարին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը պետք է պահպանի առաջատար դիրքը Չինաստանի նկատմամբ։ Փորձագետների գնահատմամբ՝ Չինաստանի առաջատար արհեստական բանականության մոդելները ներկայումս ԱՄՆ լավագույն մոդելներից մոտ 6-9 ամիս հետ են մնում, սակայն այդ տարբերությունը կարող է արագ կրճատվել։




























