Չինաստանում պետական գաղտնիքներ օտարերկրյա պետության հետախուզական ծառայությանը փոխանցելու համար պաշտոնյան դատապարտվել է մահապատժի։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Չինաստանի պետական գաղտնիքների պաշտպանության ազգային վարչության հետ կապ ունեցող Gold Wall Press հրատարակչությանը։
Հրապարակման համաձայն՝ դատապարտված պաշտոնյայի ազգանունը Մա է։ Նրան օտարերկրյա հետախուզական ծառայությունը հավաքագրել է արտասահմանում աշխատելու տարիներին։
Gold Wall Press-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ման համագործակցության համաձայնագիր է ստորագրել, որը ներառել է գաղտնիության և հավատարմության վերաբերյալ դրույթներ։ Դրա դիմաց նա ստացել է պարբերական վճարումներ։
Ընդհանուր առմամբ՝ պաշտոնյան օտարերկրյա հետախուզությանը փոխանցել է պետական գաղտնիք համարվող 35 տեղեկություն և դրա դիմաց ստացել ավելի քան 1 միլիոն յուան՝ շուրջ 150 հազար դոլար։
Հրապարակման համաձայն՝ Կայլի անունով ներկայացված հետախուզության աշխատակիցը պարբերաբար հանդիպել է Մայի հետ՝ փորձելով ավելի սերտ հարաբերություններ հաստատել նրա հետ։ Հետագայում նա պաշտոնյային ծանոթացրել է իր գործընկերոջ հետ, որը սպառնացել է Չինաստանի իշխանություններին հայտնել նախկինում փոխանցված տեղեկությունների մասին, եթե Ման հրաժարվի շարունակել համագործակցությունը։
Չինաստան վերադառնալուց հետո Ման, ըստ հաղորդագրության, շարունակել է տեղեկություններ հավաքել օտարերկրյա ծառայության համար։ Նրան տրամադրվել է համակարգիչ, որի միջոցով նա գաղտնի փաստաթղթերից տեղեկություններ է հավաքել, ապա դրանք փոխանցել արտասահմանյան կայքի միջոցով։
Հաղորդագրության մեջ, սակայն, չի նշվում, թե որ երկրի հետախուզական ծառայության հետ է համագործակցել պաշտոնյան, ինչպես նաև չի հստակեցվում, թե երբ և որտեղ է կայացվել դատավճիռը։ Հայտնի չէ նաև՝ արդյոք այն արդեն ի կատար է ածվել։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Չինաստանն ընդլայնել է հակալրտեսական օրենսդրությունը՝ մեծացնելով լրտեսության սահմանումը և պետական անվտանգության մարմինների քննչական լիազորությունները։ Իսկ 2024 թվականին փոփոխություններ են կատարվել նաև պետական գաղտնիքի մասին օրենքում՝ սահմանափակումները տարածելով նաև այսպես կոչված աշխատանքային գաղտնիքների վրա։




























