Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ փոխնախագահի եղբորը ծեծողները հրաժարվել են նրա դեմ բողոքել, ինչու․ խուլիգանությունը կմնա՞ անպատիժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկողները հրաժարվել են գնալ նախաքննական մարմին և ցուցմունք տալ Ավետ Կոնջորյանի դեմ։ Դատելով իրավիճակից՝ եթե ԱԺ փոխնախագահի եղբոր դեմ բողոք չկա, ապա նրա գործողությունների մասով քրեական վարույթը, ըստ ամենայնի, կկարճվի։ Ինչ կորոշի Քննչական կոմիտեն, դժվար չէ կանխատեսել։

ArmLur.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի քրեական գործով։ Ավելին, սեպտեմբերի 12-ին Ավետ Կոնջորյանը՝ որպես տուժող, հրավիրվել էր նախաքննական մարմին և ծանուցվել, որ իրեն ծեծի ենթարկելու գործով նախաքննության ավարտ է հայտարարվում։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Աբովյանում՝ իր տան մոտ, Ավետ Կոնջորյանը ծեծի էր ենթարկվել, ինչի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Նա Չարենցավանի ավագանու ՔՊ-ական անդամի հետ շինարարական ընկերության շուրջ տարաձայնություններ էր ունեցել, և բանը հասել էր նրան, որ Կոնջորյանին ծեծել էին։

Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ նախաքննական մարմինը Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով ձերբակալված 5 անձանց ազատ է արձակել։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 2 միլիոն դրամ գրավը։

ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթով 5 մեղադրյալ կա։ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելու համար։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։

Սակայն պարզվել էր, որ Ավետ Կոնջորյանի ծեծին նախորդել էր մեկ այլ միջադեպ։ Հրապարակվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնում գործով մեղադրյալներից մեկի տան մոտով, հայհոյանքներ հնչեցնում և, ըստ հրապարակված տեսանյութի, սպառնում՝ օգտագործելով «գյուլել» արտահայտությունը։

Այս ամենի արդյունքում աշխատանքից ազատվեց Չարենցավանի պարեկային ծառայության աշխատակիցը, և Ավետ Կոնջորյանի գործողությունների մասով՝ խուլիգանության հատկանիշներով, հարուցվեց քրեական գործ։ Դատելով իրավիճակից՝ այս գործը երկար կյանք չի ունենա։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս