ՀՀ սպորտի նախարարության եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջեւ վերջին շրջանի կոնֆլիկտները պայմանավորված են նաեւ մարզական ֆեդերացիաների նկատմամբ վերահսկողություն ունենալու մղումով: Ուստի մենք կփորձենք ներկայացնել, թե ինչպիսին են ՀԱՕԿ-ֆեդերացիաներ, սպորտի նախարարություն-ֆեդերացիաներ իրավահարաբերությունները։
Նշենք, որ թե՛ ՀԱՕԿ-ը, թե՛ մարզական ֆեդերացիաները հասարակական կազմակերպություններ են եւ առաջնորդվում են իրենց կանոնադրությամբ։ Իսկ նրանց հարաբերությունները ձեւավորվում են հետեւյալ կերպ։ Միջազգային համապատասխան ֆեդերացիայի կողմից ճանաչված հայաստանյան ցանկացած մարզաձեւի ֆեդերացիա դիմում է ՀԱՕԿ, ներկայացնում համապատասխան փաստաթղթերը, ՀԱՕԿ-ը քննարկում է դիմումը եւ կայացնում տվյալ ֆեդերացիան ՀԱՕԿ-ի կոլեկտիվ անդամ դարձնելու որոշում։ Եվ այդ դեպքում, օրինակ, օլիմպիական խաղերի մեկնող մարզիկների, հավաքականի համար ՀԱՕԿ-ը կազմակերպում է ուսումնամարզական հավաքներ։ Ընդ որում, մինչեւ ՀԱՕԿ-ը Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) չի ստանում տվյալ մարզիկի կամ հավաքականի՝ օլիմպիական վարկանիշ ունենալու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն, չի ֆինանսավորում տվյալ մարզիկին կամ հավաքականը։ Իսկ վարկանիշ ձեռք բերելու վերաբերյալ ՄՕԿ-ին տեղեկացնում է տվյալ մարզաձեւի միջազգային ֆեդերացիան։ Բացի այդ՝ ՀԱՕԿ-ն այս կամ այն կերպ խրախուսում է օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում աչքի ընկած մարզիկ-մարզուհիներին։
Ինչ վերաբերում է սպորտի նախարարություն-ֆեդերացիաներ հարաբերություններին, ապա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ֆեդերացիաներին ֆինանսավորելու վերաբերյալ որոշում է կայացնում եւ ներկայացնում կառավարությանը, որն էլ դա ներառում է պետական բյուջեում, եւ այդ գումարները ֆեդերացիաներին տրամադրվում են փուլ առ փուլ, օրինակ՝ ուսումնամարզական հավաք կամ որեւէ մրցաշար անցկացնելու համար։ Ֆեդերացիաները ֆինանսական հաշվետվություն են ներկայացնում սպորտի նախարարություն, եւ վերջինս էլ իրավասու է աուդիտ անցկացնել՝ ստուգելու համար, թե իր տված գումարներն ինչպես են ծախսվել։
Սա է այն իրավական դաշտը, որի շրջանակներում գործում են նախարարությունը, օլիմպիական կոմիտեն եւ ֆեդերացիաները, բայց դա այնքան էլ հստակ չէ, որի պատճառով ծագել ու, համոզված ենք, ծագելու են հակասություններ նախարարության եւ օլիմպիական կոմիտեի միջեւ։ Եվ դրանք կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ սպորտը մեզ մոտ քաղաքականացված է, քանի դեռ շատերի համար առաջնայինն անձնական նկրտումներն են եւ ոչ թե հայկական սպորտը զարգացնելն ու հավուր պատշաճի աշխարհին ներկայացնելը։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ