Armenian text to speach

Նյու Յորք են մեկնել Միրզոյանի կինը և ԱԺ նախկին փոխնախագահ Հակոբ Արշակյանը․ ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է  Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք։

Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մելանյա Հարությունյանը, Կարեն Գասպարյանը, Արմեն Խաչատրյանը, Սիրուն Հովսեփյանը, Ալեքսանդր Աբրահամյանը, Արման Շահինյանը, Տիգրան Մեհրաբյանը, Գևորգ Գալստյանը, Խաչատուր Ադումյանը,  Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Գագիկ Վանոյանը, Անահիտ Ավանեսյանը, Լենա Նանուշյանը, Համբարձում Մաթևոսյանը։

Հետաքրքրական է, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ են մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նրա կինը՝ Գոհար Աբաջյանը, և նախկին ՔՊ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։Հարց է առաջանում՝ ինչ իրավական կարգավիճակով է նախկին պատգամավորը ներառվել Հայաստանը ներկայացնող պաշտոնական պատվիրակության ցանկում։

Կառավարական պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը և ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։

Փաշինյանի՝ ԱՄՆ գործուղման ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Որոշման համաձայն՝ պատվիրակության անդամների գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն տարբեր գերատեսչությունների և կառույցների միջոցների հաշվին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և պատվիրակության մի շարք անդամների ճանապարհածախսն ու օրապահիկը, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների ծախսերը կկատարվեն վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցներից։

Գիշերավարձի, ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալության ծախսերը կկատարվեն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին։

Արարատ Միրզոյանի և Ռոբերտ Աբիսողոմոնյանի ծախսերը կկատարվեն ԱԳՆ-ի, Գագիկ Վանոյանինը՝ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության, իսկ Անահիտ Ավանեսյանի և Լենա Նանուշյանի ծախսերը՝ առողջապահության նախարարության միջոցների հաշվին։ Համբարձում Մաթևոսյանի գործուղման ծախսերը կկատարվեն շրջակա միջավայրի նախարարության միջոցներից։

Միաժամանակ, Գոհար Աբաջյանի գործուղման ծախսերը կկատարվեն «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցներից, իսկ Հակոբ Արշակյանը գործուղման ծախսերը հոգալու է սեփական միջոցներով։

Սոնա Գրիգորյան




Լրահոս