Armenian text to speach

Ազգերի լիգա. Ի՞նչ քաղաքական ուղերձներ են եղել Հայաստան-Կիպրոս հանդիպման ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Նիկոսիայի GSP մարզադաշտում Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպմանը հետևած երկրպագուներն ArmLur.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նիկոսիայի GSP մարզադաշտի տրիբունաներում հայտնվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարով պաստառ։ Ինչպես մեզ են փոխանցել պաստառը պարզել են հույն երկրպագուները, բացի այդ, պաստառին հունարեն գրված է եղել՝ «ΜΑΖΙ ΣΤΟΝ ΑΓΩΝΑ», որը թարգմանաբար նշանակում է՝ «Միասին ենք պայքարում»։

 

Ֆուտբոլասերների այս քայլը կարող ենք դիտարկել ոչ միայն որպես հայ և կիպրացի երկրպագուների համերաշխության, այլև քաղաքական ենթատեքստ ունեցող խորհրդանշական ժեստ։ Կիպրոսը ևս տասնամյակներ շարունակ ունեցել է եւ այսօր էլ ունի Թուրքիայի հետ չլուծված հակամարտության և կղզու բաժանվածության խնդիր։

 

Հատկանշական է, որ նույն հանդիպման ընթացքում Հայաստանի երկրպագուների FAF-ի անդամները տրիբունաներում տարածել են «Δεν Ξεχνώ»՝ «Չեմ մոռանում» գրությամբ պաստառ՝ բաժանված Կիպրոսի պատկերով։ Կիպրական մարզական մամուլը այս քայլը ներկայացրել է որպես խորհրդանշական ժեստ Կիպրոսի հարցի վերաբերյալ։

 

Իր հերթին «Կարմիր արծիվներ»-ի ֆուտբոլասերները ևս մեկ անգամ պարզել են Արցախի դրոշը՝ այն ներկայացնելով մարզադաշտի տրիբունաներում։

 

Թեև խաղադաշտում Հայաստանի հավաքականը 0-2 հաշվով պարտվեց Կիպրոսին, հանդիպման ընթացքում տրիբունաներում երկու երկրների ֆուտբոլասերները միմյանց ուղղված համերաշխության և իրենց ժողովուրդների համար կարևոր հարցերի մասին հիշեցնող խորհրդանշական ուղերձներ փոխանցեցին։

 

Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպմանը երկրպագուների փոխադարձ այս վերաբերմունքը փաստում է այն, որ ֆուտբոլը միայն խաղ ու մրցակցություն չէ։ Այն շատ հաճախ վերածվում է մարդկանց միավորող համակարգի, գաղափարի և տարբեր ժողովուրդների միջև համերաշխության կարեւոր օղակի։

Նանիկ Աղասյան




Լրահոս