Armenian text to speach

196 երկրից մինչև 15 հազար մասնակից․ ի՞նչ է սպասվում Երևանում COP17-ի օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա օրերին Երևանը պատրաստվում է ընդունել հազարավոր օտարերկրյա հյուրերի։ Հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվելու է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որին, ըստ նախնական գնահատականների, սպասվում է շուրջ 10-15 հազար մասնակից։

Միջոցառման նախապատրաստական աշխատանքներն այս օրերին ընթանում են գերլարված ռեժիմով։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ գործընթացում ներգրավված է կառավարության ողջ անձնակազմը՝ Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ։ Կառավարության անդամների միջև COP17-ի հետ կապված տարբեր ուղղություններ և աշխատանքներ են բաշխված, և պաշտոնյաները ներգրավված են միջոցառման կազմակերպման ու պատշաճ անցկացման աշխատանքներում։

Առաջիկա օրերին կսկսվի նաև միջազգային հյուրերի դիմավորման գործընթացը։ Միաժամանակ ընթանում է Երևան ժամանող հյուրերի տեղավորման գործընթացը։ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ COP17-ի շրջանակներում Հայաստան կարող է ժամանել շուրջ 15 հազար մարդ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ COP17-ի հիմնական պաշտոնական հատվածը նախատեսված է հոկտեմբերի 15-17-ը «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, որտեղ հավաքվելու են համաժողովի պաշտոնական հատվածի մասնակիցներն ու բարձրաստիճան պաշտոնյաները։ Այդ օրերին միջոցառումների աշխատանքներին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախատեսված է, որ երեք օրն էլ ներկա կլինի պաշտոնական միջոցառումներին։

COP17-ի Կապույտ գոտին հենց համաժողովի պաշտոնական բանակցային հարթակն է։ Այն նախատեսված է հավատարմագրված պետական պատվիրակությունների, միջկառավարական կազմակերպությունների, դիտորդների, տեխնիկական փորձագետների և համապատասխան հավատարմագրում ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Այստեղ անցկացվելու են լիագումար նիստեր, բարձր մակարդակի և նախարարական հանդիպումներ, կլոր սեղաններ, ճեպազրույցներ, ինչպես նաև քննարկվելու են որոշումների նախագծերը և կենսաբազմազանության ոլորտում արձանագրված առաջընթացը։

Ի տարբերություն Կապույտ գոտու՝ Կանաչ գոտին նախատեսված է լայն հանրության համար։ Այն տեղակայվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և հանրության համար բաց կլինի հոկտեմբերի 19-30-ը։ Մուտքն անվճար է, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է նախապես գրանցվել կամ տեղում ձեռք բերել այցեքարտ։

Կանաչ գոտում ներկայացվելու են նորարարական գաղափարներ, համայնքային նախաձեռնություններ և շրջակա միջավայրի պահպանության գործնական լուծումներ։ Այստեղ կարող են ներգրավվել երիտասարդներ, հասարակական կազմակերպություններ, գիտական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, արվեստագետներ, նորարարներ, մեդիա ներկայացուցիչներ և այլ հետաքրքրված քաղաքացիներ։

COP17-ի անցկացման օրերին Երևանում նաև երթևեկության սահմանափակումներ են նախատեսվում․ մի շարք փողոցներ փակվելու են, իսկ պետական կառավարման համակարգի աշխատակիցների մի մասը մի քանի օր հեռավար աշխատանքի է անցնելու՝ մայրաքաղաքում հնարավոր խցանումները նվազեցնելու նպատակով։ Այս մասին դեռ սեպտեմբերին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հեռավար աշխատանքի կանցնեն այն պետական համակարգի աշխատակիցները, որոնց ներկայությունն անմիջապես COP17-ի անցկացման վայրում անհրաժեշտ չէ։

COP17-ին հրավիրվելու են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի բոլոր 196 անդամ պետությունները։ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հայտարարել է, որ հրավիրող կողմը ոչ միայն Հայաստանն է, այլև ՄԱԿ-ը։ Նրա խոսքով՝ Հայաստանը հյուրընկալելու և նախագահելու է COP17-ը, իսկ նախագահության և գործընթացների համակարգումը շարունակվելու է մինչև 2028 թվականը։

Այսպիսով, Երևանում անցկացվող COP17-ը լինելու է ոչ միայն բնապահպանական, այլև մեծածավալ միջազգային միջոցառում։ Հայաստան են ժամանելու տարբեր երկրների կառավարությունների և պետական պատվիրակությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների, գիտական և ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության, երիտասարդության, բիզնեսի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Համաժողովի օրակարգում ընդգրկված են կենսաբազմազանության պահպանությանն առնչվող բազմաթիվ հարցեր՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 23 թիրախների իրականացման առաջընթացի գնահատումից մինչև ֆինանսավորման, անտառների, պահպանվող տարածքների, գյուղատնտեսության, կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության, ինվազիվ տեսակների, կենսաբազմազանության և առողջության փոխկապակցվածության հարցերը։

COP17-ը կանցկացվի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման կարևոր փուլում։ 2022 թվականին դրա ընդունումից հետո երկրներն առաջին անգամ համատեղ գնահատելու են 23 թիրախների ուղղությամբ արձանագրված իրական առաջընթացը։

Հայաստանի համար համաժողովը նաև միջազգային հարթակում սեփական բնական ժառանգությունը ներկայացնելու հնարավորություն է։ Հայաստանը զբաղեցնում է Կովկասի տարածքի ընդամենը 6.7 տոկոսը, սակայն իր տարածքում ընդգրկում է տարածաշրջանի կենսաբազմազանության շուրջ 60 տոկոսը։

COP17 Հայաստանի խորհրդանիշը՝ Երևանյան կապտաթիթեռն է, որը Հայաստանում հանդիպող էնդեմիկ տեսակ է։ Իսկ համաժողովի ինքնության 23 գույները խորհրդանշում են Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի 23 թիրախները։

Այս օրերին, սակայն, հիմնական ուշադրությունը ոչ միայն համաժողովի բովանդակային աշխատանքների, այլև դրա կազմակերպչական կողմի վրա է։ Հազարավոր հյուրերի ընդունելությունը, տեղավորումը, անվտանգությունը, պաշտոնական միջոցառումների կազմակերպումն ու տարբեր պատվիրակությունների աշխատանքների համակարգումը դարձել են պետական կառույցների հիմնական աշխատանքային ուղղություններից մեկը։

Անի Վարդանյան




Լրահոս