Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է նաև Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը 63 կողմ և 32 դեմ ձայներով վավերացրել էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։
Համաձայնագիրը խորհրդարանին ներկայացրել էր արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Այն նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում, ինչպես նաև «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» ստեղծում։ Ընկերության բաժնեմասերի 26 տոկոսը պատկանելու է Հայաստանին, իսկ 74 տոկոսը՝ ամերիկյան կողմին։ Համագործակցության սկզբնական ժամկետը սահմանվել է 49 տարի։
Նույն օրը խորհրդարանը 90 կողմ և 8 ձեռնպահ ձայներով վավերացրել էր նաև Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։
Խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս Արարատ Միրզոյանը նշել էր, որ խորհրդին Հայաստանի մասնակցությունը կարևոր է ԱՄՆ-ի և մյուս անդամ պետությունների հետ քաղաքական շփումներն ու համագործակցությունը խորացնելու տեսանկյունից։ Նրա ներկայացմամբ՝ խորհրդի անդամակցության ժամկետը երեք տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ, իսկ ֆինանսական հատկացումները կատարվում են կամավորության սկզբունքով։
Նշենք, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի անունից ստորագրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2026 թվականի հունվարի 22-ին՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։ Սեպտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանը կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները ճանաչել էր ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող։
Այսպիսով, խորհրդարանի կողմից վավերացված երկու փաստաթղթերն արդեն ստորագրվել են նաև Հայաստանի նախագահի կողմից։
Անի Վարդանյան




























