Նիկոլ Փաշինյանը վաղը՝ նոյեմբերի 23-ին, հանդես կգա ուղերձով՝ ներկայացնելով նոր Սահմանադրության նախագծի հանրայնացման գործընթացը։
Իշխանության ղեկավարը հայտարարել է, որ պատրաստվում է ուղերձով հանդես գալ, որից հետո հանրությանը կներկայացվի սահմանադրական փոփոխությունների նախագիծը։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանն իր ամենամտերիմ թիմակիցների հետ վերջնական քննարկումների արդյունքում ամբողջացրել է նախագծի դրույթները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը Փաշինյանը նախ հանդես կգա ուղերձով, կներկայացնի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր հիմնական մոտեցումներն ու քաղաքական ուղերձները, ապա հանրայնորեն կներկայացվի նոր Սահմանադրության նախագիծը։ Միաժամանակ, վաղվանից մեկնարկ է տրվելու նաև TRIPP նախագծի մեկնարկին:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նոր Սահմանադրության նախագծի հանրայնացումից հետո իշխանությունը հստակեցնելու է նաև իր հետագա քայլերը՝ այն դեպքում, եթե ընդդիմությունը շարունակի մերժել սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ կանգ առնել և պատրաստվում է առաջ տանել իր սահմանադրական օրակարգը՝ անկախ ընդդիմության արձագանքից։ Ավելին, չի բացառվում, որ նախագծի շուրջ քաղաքական հակադրությունը վերածվի իշխանության և ընդդիմության միջև նոր, բավականին թեժ դիմակայության։
Այսպիսով, նոյեմբերի 23-ից Հայաստանում, ըստ էության, մեկնարկում է քաղաքական նոր փուլ։ Մի կողմում իշխանությունն է՝ նոր Սահմանադրության իր օրակարգով, մյուս կողմում՝ ընդդիմությունը, որի դիրքորոշումն ու հակազդեցության հնարավոր քայլերն առաջիկա օրերին կարող են դառնալ քաղաքական գլխավոր թեման։
Հանուն Սահմանադրության փոփոխությունների Փաշինյանը նոր ռեպրեսիաների է գնալու։
Սոնա Գրիգորյան






















