Նոր Սահմանադրության նախագծում փոփոխություններ են կատարվել նաև պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու վերաբերյալ դրույթներում։ Մասնավորապես, գործող Սահմանադրության 118-րդ հոդվածով Ազգային ժողովին վերապահված՝ պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում ընդունելու հնարավորությունը նոր նախագծում առանձին հոդվածով այլևս նախատեսված չէ։
Գործող Սահմանադրության 118-րդ հոդվածում սահմանված է. «Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում»։
Նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված է նաև, որ Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Կառավարությունը։
Սակայն նոր Սահմանադրության նախագծում այս դրույթներն այլևս ներառված չեն։ Նախագծի 47-րդ հոդվածը վերաբերում է ռազմական կամ արտակարգ դրությանը։ Դրանով սահմանվում է, թե որ դեպքերում Կառավարությունը կարող է հայտարարել ռազմական կամ արտակարգ դրություն, ինչպես նաև Ազգային ժողովի՝ այդ որոշումները վերացնելու կամ համապատասխան միջոցառումները չեղարկելու լիազորությունները։
Այսպիսով, նոր նախագծում ռազմական դրություն հայտարարելու կարգավորումները պահպանվել են, սակայն պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին որոշում ընդունելու՝ Ազգային ժողովի առանձին լիազորության մասին գործող սահմանադրական դրույթը դուրս է մնացել ներկայացված նախագծից։
ArmLur.am-ը նկատում է, որ սա նոր Սահմանադրության նախագծում ուշագրավ փոփոխություններից է, քանի որ գործող Սահմանադրությամբ պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու հարցերը հստակորեն ամրագրված են Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում։




























