«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտաշատի պոլիկլինիկայի բացմանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վանդակավոր բաճկոնով էր։ Հետաքրքիր է՝ նախարարն այդ օրը հարցրե՞լ է, թե որքան են վաստակում այդ պոլիկլինիկայի ինֆեկցիոնիստը, գինեկոլոգը, բժիշկ-ֆթիզիատորը։ Եվ քանի՞ ամիս պիտի նրանք աշխատավարձ ստանան պոլիկլինիկայում, որ նման բաճկոն գնեն։
«Ժողովուրդ»-ի լրագրողը նկատեց, որ Ավանեսյանի բաճկոնը ձևվածքով, վանդակավոր նախշով ու ոսկեգույն կոճակներով հիշեցնում է Hill House Home-ի The Warby Coat մոդելը։ Արտադրողի կայքում այն ներկայացված է 348 դոլարով՝ շուրջ 125 400 դրամ։
Համեմատության համար նշենք, որ Երևանի Հեքիմյանի անվան համայնքային երաժշտական դպրոցի գրադարանավարի ամսական պաշտոնային դրույքաչափը 135 200 դրամ է։ Եթե գրադարանավարը մեկ ամսվա ամբողջ դրույքաչափը ծախսեր այդ մոդելի վրա, կմնար 9 800 դրամ՝ ապրելու համար։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի դաստակին էլ երևում է ժամացույց, որն արտաքուստ հիշեցնում է Hermès-ի Loquet Watch մոդելը։
The RealReal-ի վաճառքի էջում օրինակն առաջարկվել է 796 դոլարով՝ շուրջ 286 800 դրամ՝ օգտագործված։ Նույն էջում վաճառողը դրա մանրածախ արժեքը գնահատել է 3 850 դոլար։ «Ժողովուրդ»-ի համեմատության հիմքը օգտագործված օրինակի հրապարակված գինն է։
Ուստի նախարարի ժամացույցի արժեքը՝ 286 800 դրամը, մոտ 57 հազար դրամով գերազանցում է «Սեբաստիա» բժշկական կենտրոնի տեղամասային թերապևտի թափուր հաստիքի համար առաջարկվող ամսական աշխատավարձը։ Այն նաև շուրջ 87 հազար դրամով ավելի է կամավոր ատեստավորման սահմանված արդյունք ցուցաբերած ուսուցչի մեկ դրույքի վարձատրությունից՝ մինչև հնարավոր հավելավճարը, և նույնքանով գերազանցում է քրեակատարողական հիմնարկների պահպանության ու ուղեկցումների վարչության կրտսեր մասնագետի մեկնարկային աշխատավարձը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2024-ին Հայաստանի բնակչության 21,7 տոկոսն ապրել է աղքատության միջին գծից ցածր։ Այդ շեմը մեկ չափահասի հաշվով ամսական 53 420 դրամ էր։
Ավանեսյանի կրած բաճկոնին նման մոդելի գինը այդ շեմից ավելի քան երկու անգամ բարձր է, Գալյանի կրած ժամացույցին նման օգտագործված օրինակի գինը՝ ավելի քան հինգ անգամ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




























