Armenian text to speach

Ի՞նչ ունեցվածքով է պաշտոնից հեռանում նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը․ 25.7 մլն դրամ եկամուտ, միլիոնավոր դրամների վարկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ArmLur.am-ը ուսումնասիրել է պաշտոնը լքող պաշտոնյայի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզել, թե ինչ ունեցվածքով, եկամուտներով ու ֆինանսական պարտավորություններով է նա հեռանում պաշտոնից։

Գևորգ Մանթաշյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 3-ին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2022 թվականի հունիսի 20-ից։

Անշարժ գույք

ArmLur.am-ը հայտարարագրում արձանագրեց, որ Մանթաշյանի անունով 2025 թվականի սկզբին և տարեվերջին անշարժ գույք գրանցված չէ։ Սակայն հայտարարագրի համաձայն՝ նա տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանի։ Բնակարանի մակերեսը և սեփականատիրոջ տվյալները հայտարարագրում պաշտպանված են։

Դրամական միջոցներ 

ArmLur.am-ը պարզեց, որ Մանթաշյանի բանկային հաշիվներում 2025 թվականի տարեվերջին առկա են եղել 453 հազար 491.8 դրամ, 15 հազար 246.57 դրամ, 82.68 դոլար, 54 դոլար և 0.2 դրամ մնացորդներ։ Հայտարարագրում առկա են նաև այլ հաշիվներ, որոնց մնացորդները տարվա վերջում կազմել են 0.03 դրամ և 0.09 դրամ։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ և 4 հազար դոլար։ Տարվա սկզբին նա հայտարարագրել էր 2 մլն 700 հազար դրամ և 4 հազար 500 դոլար կանխիկ գումար։

Եկամուտ

ArmLur.am-ը ուսումնասիրեց նաև Մանթաշյանի տարեկան եկամուտները։ 2025 թվականին նա որպես աշխատանքի վարձատրություն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ստացել է 22 մլն 696 հազար 801 դրամ։

Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտային հարկի վերադարձի տեսքով ստացել է 2 մլն 646 հազար 154 դրամ։ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ից ստացած տոկոսային եկամուտը կազմել է 12 հազար 851.83 դրամ։

Հայտարարագրում առկա են նաև ավիաընկերություններից ստացված այլ եկամուտներ․ LOT Polish Airlines-ից՝ 400 եվրո, իսկ Wizz Air-ից՝ 388 եվրո։

Այսպիսով, 2025 թվականի ընթացքում Մանթաշյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 25 մլն 709 հազար 626.71 դրամ։

Վարկային պարտավորություններ և ծախսեր

ArmLur.am-ը արձանագրեց, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Մանթաշյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 27 մլն 86 հազար 51.9 դրամ։ Դրանցից մեկի դիմաց որպես հիպոտեկի առարկա նշված է բնակարան։

Միևնույն ժամանակ, տարվա ընթացքում նա վարկերի մարմանն ուղղել է ընդհանուր 17 մլն 319 հազար 951.2 դրամ։

Սոնա Գրիգորյան 




Մամուլի Տեսություն

Լրահոս