Ֆրանսիայում աշնանային բողոքի ցույցերի ժամանակ արցունքաբեր գազի ազդեցության տակ հայտնված հազարավոր կանայք և աղջիկներ հայտնել են դաշտանային ցիկլի խանգարումների, ուժեղ ցավերի, անսովոր առատ արյունահոսության և այլ գինեկոլոգիական խնդիրների մասին։ Ակտիվիստներն ու առողջապահության ոլորտի հետազոտողները մտահոգված են հնարավոր վերարտադրողական և երկարաժամկետ առողջական հետևանքներով։
The Guardian-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի ոստիկանությունը բողոքի ակցիաների ընթացքում շուրջ 22 հազար արցունքաբեր գազային նռնակ է կիրառել։ Դրանից հետո նմանատիպ ախտանիշներ արձանագրած կանանց վկայությունները սկսել են լայնորեն տարածվել։ Ակտիվիստական Lacrymos de Sang կոլեկտիվը հավաքել է ավելի քան 9200 կնոջ և աղջկա պատմություն, որոնց 94%-ը հայտնել է գինեկոլոգիական ախտանիշների մասին։
Գանգատների թվում են եղել արգանդի ուժեղ ցավերը, երկարատև ու առատ արյունահոսությունը, դաշտանային ցիկլի խանգարումները, ինչպես նաև դաշտանի բացակայությունը։ Որոշ կանայք հայտնել են, որ ցավերն այնքան ուժեղ են եղել, որ չեն կարողացել քայլել կամ աշխատանքի գնալ։ Երկու հարցված հոսպիտալացվել է անեմիայի պատճառով՝ արյան մեծ կորստից հետո։ Կոլեկտիվը նաև հղիության կորուստների մասին վկայություններ է հավաքել։
Հարցված 47 հղի կանանցից 15-ը հայտնել են հղիության կորստի մասին, իսկ 17-ը՝ կծկումների, ցավերի կամ արյունահոսության։ Հատկապես մտահոգիչ են համարվել մինչև 20 տարեկան աղջիկների և կանանց արձանագրած ախտանիշները, որոնք, ըստ տվյալների, ավելի հաճախ են եղել և ավելի արագ են ի հայտ եկել։
Մասնագետները նշում են, որ արցունքաբեր գազի և վերարտադրողական առողջության խնդիրների միջև կապի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունները սահմանափակ են։ CS քիմիական գրգռիչի վերաբերյալ հետազոտությունների մեծ մասն իրականացվել է դեռևս 1980-ականներին՝ արու կենդանիների վրա։ Դաշտանային խանգարումների վերաբերյալ առկա ուսումնասիրությունները նույնպես պատճառահետևանքային կապ չեն հաստատել, սակայն առաջադրել են հնարավոր կենսաբանական մեխանիզմներ։
Փարիզի Պորտ-Ռոյալ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մահա Էյդը պատմել է, որ բողոքի ցույցերից հետո բուժօգնության են դիմել ուժեղ դաշտանային ցավերով և էնդոմետրիոզի սրացումներով հիվանդներ։ Նրա խոսքով՝ CS-ի ազդեցությունը կարող է ակտիվացնել որոշ ընկալիչներ, այդ թվում՝ արգանդի լորձաթաղանթում, և առաջացնել արգանդի կծկումներ, ինչը կարող է վտանգավոր լինել հղիության վաղ շրջանում։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, սակայն, հայտարարել է, որ կառավարության՝ 2021-2022 թվականներին իրականացրած ուսումնասիրությունները արցունքաբեր գազի կիրառման հետևանքով առողջական կոնկրետ ռիսկերի ապացույցներ չեն հայտնաբերել։ Այդ ուսումնասիրությունները հրապարակային չեն եղել։ Նախարարության ներկայացուցիչը նույնպես նշել է, որ հնարավոր ազդեցությունների վերաբերյալ ենթադրությունները գիտականորեն ապացուցված չեն։
Հետազոտողները կասկածի տակ են դնում այդ ուսումնասիրությունների կիրառելիությունը երեխաների և դեռահասների նկատմամբ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։ Ակտիվիստներն ու առողջապահության ոլորտի ներկայացուցիչները կոչ են անում ավելի զգուշավոր մոտեցում ցուցաբերել արցունքաբեր գազի կիրառման հարցում՝ նշելով, որ հազարավոր նմանատիպ վկայությունները չեն կարող անտեսվել։






















