Ռուսական հրամանատարությունը Զապորոժիեի ուղղությամբ առաջընթացի բացակայության պատճառով սպառնում է դասակի և վաշտի հրամանատարներին ուղարկել գրոհային գործողությունների։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Աթեշ» պարտիզանական շարժումը՝ վկայակոչելով Ռուսաստանի Արևելյան զորքերի խմբի շտաբից ստացված տեղեկությունները։
Ըստ Kyiv Post-ի հաղորդման՝ վերադաս հրամանատարությունը 5-րդ և 36-րդ համակցված սպառազինությունների բանակների ղեկավարություններից պահանջում է ցանկացած գնով շտկել ռազմաճակատում իրավիճակը՝ համապատասխանեցնելով իրական դրությունը նախկինում ներկայացված զեկույցներին։
Ճնշումների են ենթարկվում նաև 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի, 37-րդ և 64-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադների ղեկավարները։ Հաղորդվում է, որ ռուսական ստորաբաժանումները ներկայացրել են Նովոմիկոլաևկայի և Պոկրովսկեի ուղղություններով առաջընթացի մասին տեղեկություններ, սակայն իրականում դեռևս գտնվում են այդ բնակավայրերից զգալի հեռավորության վրա։
«Աթեշի» տվյալներով՝ հրամանատարներին զգուշացրել են, որ առաջիկա շաբաթներին առաջընթաց չարձանագրելու դեպքում դասակի և վաշտի հրամանատարներն իրենք կուղարկվեն հարձակողական գործողությունների, իսկ բրիգադների ղեկավարները կբախվեն լուրջ հետևանքների։ Kyiv Post-ը չի կարողացել անկախորեն ստուգել այս տեղեկությունները։
Միաժամանակ, Ուկրաինայի կամավորական բանակի մամուլի խոսնակ Սերգեյ Բրատչուկը նոյեմբերի կեսերին հայտնել է, որ ռուսական ակտիվությունը Զապորոժիեի ուղղությամբ չի նվազում և կարող է ավելի ուժեղանալ։ Նրա խոսքով՝ ռուսական ուժերը շարունակում են փորձել առաջ շարժվել Օրիխովի, Հուլյաիպոլեի և Հուլյաիպիլսկեի ուղղություններով, սակայն չեն հասել օպերատիվ-մարտավարական նշանակության հաջողությունների։
Բրատչուկը նաև նշել է, որ ուկրաինական հակագրոհները կանխել են ռուսական ուժերի առաջխաղացումը Օրիխովի շրջանում, իսկ Մալա Տոկմաչկայի ուղղությամբ դիրքերը բարելավվել են։ Նրա պնդմամբ՝ ռուսական ուժերը չեն վերահսկում նշված բնակավայրերն ու Օրիխովի շրջանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը այդ հատվածում կենտրոնացրել է ավելի քան 50 հազար զինվորական, այդ թվում՝ մեխանիզացված ստորաբաժանումներ, և առաջիկայում ռազմաճակատում ակտիվությունը կարող է աճել։
























