ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի` Վիլնյուս մեկնելուց առաջ` երեկ` երեկոյան, ՀՀԿ-ն ԳՄ նիստ էր հրավիրել` քննարկելու գագաթնաժողովին սպասվող զարգացումներն ու այն, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Վիլնյուսում: Մոտ 2 ժամ տեւած նիստի ավարտից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե նիստի ընթացքում քննարկել են ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր: Մինչեւ նիստի մեկնարկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հարցին, թե Վիլնյուսում ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, պատասխանեց. «Միայն դրական ակնկալիքներ ունենք, լցվե՛ք համբերությամբ եւ հետեւե՛ք, մեկ օրից ամեն ինչ պարզ կլինի, այնպես որ, մի փոքր համբերե՛ք»: ՀՀԿ ԳՄ մյուս անդամները կտրականապես հրաժարվեցին որեւէ հարցի պատասխանել: Իսկ նիստի ավարտից հետո Էդ. Շարմազանովը, անդրադառնալով Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթին եւ այն հարցին, թե հնարավոր է՝ Հայաստանն էլ Ուկրաինայի օրինակով հետագայում որոշի շարունակել Եվրամիության հետ բանակցությունները, ասաց. «Հայաստանի դիրքորոշումը պայմանավորված չէ այլ պետությունների քաղաքականությամբ, Հայաստանն իրականացնում է քաղաքականություն, որը բխում է Հայաստանի պետական շահերից»: Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ առաջնորդի մասնակցությունը գագաթնաժողովին նշանակում է, որ շարունակվում է համագործակցությունը եվրոպացի բարեկամների հետ». «Ըստ ամենայնի, Վիլնյուսում համատեղ հայտարարություն կստորագրվի՝ Եվրամիություն-Հայաստան, որտեղ կարձանագրվեն մեր իրականացրած բարեփոխումները: Այս տարիների ընթացքում Հայաստան-Եվրամիություն համագործակցության արդյունքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար: Հայաստանի իշխանությունը վճռական է իրականացնել այդ քաղաքականությունը»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ ՀՀԿ-ականները ԳՄ նախորդ նիստի ժամանակ քննարկել են Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարները, կոնկրետ հարցադրում է հնչել, թե ՄՄ-ին անդամակցելու դեպքում ինչ է լինելու Արցախի ճակատագիրը: Այդ հարցը, սակայն, մնացել է «օդում կախված»: Երեկ փորձեցինք Էդ. Շարմազանովից պարզել, թե իրականում ինչ է քննարկվել, եւ կոնկրետ ինչ է որոշվել ԼՂՀ հարցով: «Նման բան չի քննարկվել, ես կարող եմ Ձեզ մի բան ասել, որ Մաքսային միությանը մեր անդամակցումը չի վնասելու ԼՂՀ-ին: Ավելին, ես համամիտ եմ ԼՂՀ վարչապետի այն կարծիքին, որ Ղարաբաղը կշահի ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու դեպքում»,-հավաստիացրեց Շարմազանովը: Իսկ հարցին, թե ինչով կշահի, բազմանշանակ պատասխանեց. «Դանդա՛ղ շտապեք»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս