Հ.Աբրահամյանը ՀՀԿ-ից ավելի սերտ համագործակցություն ունի ԲՀԿ-ի հետ․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծի քվեարկությունն արդյոք չի՞ ապացուցում, որ ոչ իշխանական քառյակում տարաձայնություններ կամ դիրքորոշումների փոփոխություններ կան: «Դա միշտ է եղել քառյակում, երբ ինչ-որ ուժեր որոշակի հարցերի շուրջ մյուսներից տարբերվող դիրքորոշումներ են ունեցել: Այնպես որ, այդտեղ որեւէ խնդիր չկա: Քառյակում դա չի խանգարում հետագա համատեղ աշխատանքներին, որովհետեւ շատ լիբերալ կանոններ են: Մենք համատեղ գործում ենք այն հարցերի շուրջ, որոնց շուրջ կոնսենսուս ունենք: Եթե չէ, ոչինչ չի խանգարում, որ ամեն մեկն իրենն անի»,- «Ժամանակի» հարցին ի պատասխան ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Իսկ ինչպե՞ս է ԲՀԿ-ն քվեարկելու Հովիկ Աբրահամյանի գլխավորած նոր կառավարության ծրագրին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ԲՀԿ-ում արդեն ներքին քննարկում է տեղի ունեցել եւ որոշվել է, որ այդ քվեարկությունը ազատ կթողնեն: Իսկ նման պարագայում չի բացառվում, որ այդ կուսակցության անդամները «կողմ» քվեարկեն: Կառավարության ծրագիրն այս անգամ ներկայացնելու է Հ.Աբրահամյանը, որն իր հարազատ «Հանրապետական» կուսակցությունից ավելի սերտ համագործակցություն ունի ԲՀԿ-ի հետ: «Թող բերեն ծրագիրը, հետո կասենք: Մեր դիրքորոշումներում մեր կողմից կարեւորված հարցերի մասին որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Հանկարծ եթե լավ ծրագիր չեղավ, վատ կետեր եղան, մենք կասենք, որ վատ է, եթե լավ կետեր եղան, կասենք, թե վատ է»,- ասաց Ս. Մարգարյանը:

Իսկ ԲՀԿ-ի համար դժվար չի՞ լինելու «դեմ» քվեարկել կառավարության ծրագրին, հատկապես որ Հ.Աբրահամյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին է: «Հետո ինչ, դժվար չի լինի, հավատացեք»,- եզրափակեց Ս.Մարգարյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս