Ինչ կլինի, եթե մինչև հուլիսի 1-ը բոլորը դուրս չգան ստվերից․ «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 «168 ժամ» թերթը գրում է.  «Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Պատկերացնո՜ւմ եք՝ ի՛նչ կլինի, եթե մինչև հուլիսի 1-ը բոլորը դուրս չգան ստվերից, և Աբրահամյանն ի կատար ածի իր խոստումը։ Հայաստանը կկազմաքանդվի՝ մնալով առանց բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև՝ որևէ բան ներմուծող կամ արտադրող ընկերությունների սեփականատերերի։ Ու քանի որ անհնար է, որ բոլորը դուրս գան ստվերից, պետք է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը կդրժի խոստումը։ Ոչ թե այն պատճառով, որ պատվախնդիր չէ, այլ հանուն Հայաստանի, երկիրն առանց քաղաքական ու տնտեսական էլիտայի չթողնելու հայրենանվեր մղումով։ Բացի այդ, քրեակատարողական հիմնարկներն առանց այն էլ ծանրաբեռնված են։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա, եթե անգամ Հովիկ Աբրահամյանը խոսքի տերը լինի այն աստիճան, որ նույնիսկ անձամբ դուրս գա ստվերից, դուրս չգալու դեպքում էլ ինքզինքն ազատազրկի, միևնույն է, դա Հայաստանի ներկայիս վիճակի վրա գրեթե ազդեցություն չի ունենա։ Ազդեցություն գուցե կլինի՜ բյուջեի եկամուտների ավելացման, նոր աշխատատեղերի բացման, նույնիսկ կյանքի որակի բարձրացման և այլ նյութական արդյունքների տեսքով։ Բայց դա՝ միայն նյութական հարթությունում։ Իսկ քաղաքական ու քաղաքակրթական առումով Հայաստանն այնպիսի ստվերում է, որ դրանից դուրս գալու համար ոչ միայն Հովիկ Աբրահամյանի, այլ անգամ Գալուստ Սահակյանի սպառնալիքները չեն օգնի։ Խոսքը մտածողության, արժեհամակարգի, գաղափարախոսական ստվերի մասին է, որի մեջ ինքնամոռաց կերպով գլորվում է Հայաստանը։ Ստվերն ընդհանրապես խավարն է, լույսի բացակայությունը։ Իսկ դրա ամենավտանգավոր դրսևորումը մտքի, մտածողության, բարոյականության խավարն է, որում Հայաստանը կար առանց այդ էլ, սակայն ավելի է խորասուզվում՝ ի պետս Մաքսային միությանն անդամակցության ու խորհրդառուսական կայսրության վերականգնման:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս