ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ սեփական «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նորանշանակ կառավարության գործունեությունից իր ակնկալիքներին: Ընդգծելով նախորդ կառավարության թույլ տված սխալները` ԲՀԿ առաջնորդն ասել է. «Դժվար է նախանձել այս կառավարությանը,որին դժվար աշխատանք է սպասվում: Բայց եթե կառավարությունն ունենա ինչ-որ բան փոխելու կամք ու ցանկություն,ապա հնարավոր կլինի իրավիճակը շտկել»:
Գ. Ծառուկյանը նաև նշել է,որ դրական փոփոխությունների բացակայության դեպքում իրենք հետամուտ կլինեն «շատ ավելի լուրջ փոփոխությունների», իսկ առայժմ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը ԲՀԿ-ն տալիս է 100 կամ 200 օր փորձաշրջան:
Նկատենք, որ թեև Ծառուկյանն ամեն առիթով նշում է,որ Հովիկ Աբրահամյանի հետ իր խմամիական կապերը որևէ կերպ չեն անդրադառնալու նորանշանակ կառավարության գործունեության նկատմամբ ԲՀԿ-ի դիրքորոշման վրա,այդուհանդերձ,գոնե առայժմ բավականին տեսանելի է Ծառուկյանի ղեկավարած կուսակցության, մեղմ ասած, «լոյալությունը» Հ. Աբրահամյանի կաբինետի հանդեպ:
Եվ չնայած դրան` Ծառուկյանը երեկ ևս մեկ անգամ հայտարարել է. «Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ»:
Անկեղծ ասած` անգամ ամենամեծ ցանկության դեպքում դժվար է հավատալ ԲՀԿ առաջնորդի այս պնդմանը: Մեր իրականությունը, ցավոք, յուրաքանչյուր քայլի ի ցույց է դնում այդ պնդման ճիշտ հակառակ պատկերը: Հայաստանում ոչ միայն քաղաքական,այլև տնտեսական լուրջ կատեգորիաներ են ծանոթ, խնամի, բարեկամ կապերը,որոնք գրեթե մշտապես որոշիչ նշանակություն են ունենում` սկսած ուսման,ապա աշխատանքի տեղավորելուց,ավարտած` տարբեր «տենդերներ» շահելով, բիզնես արտոնություններով և, ի վերջո, պատգամավորական մանդատներ ստանալով: Ընդ որում,դա համատարած բնույթ է կրում,և առնչվում է հավասարապես բոլոր քաղաքական ուժերին:
Սակայն քանի որ նման պատասխանատու հայտարարությամբ ԲՀԿ առաջնորդն է հանդես գալիս, արժե,թերևս, հիշել Երևանի ավագանու կազմը (Ծառուկյանի փեսային` Աբովյանի քաղաքապետին, մի կողմ թողնենք),որը պարզորոշ կերպով ցույց է տալիս բարեկամության` քաղաքական կատեգորիա չլինելու մասին պնդումների սնանկությունը:
Հիշեցնենք,որ ավագանու ԲՀԿ ցուցակում հանգրվանել էին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դուստրն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրոջ դուստրը: Իհարկե,է՛լ ավելի շատ էին ՀՀԿ-ական «ոչ քաղաքական կատեգորիաները»` ի դեմս Ս. Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբոր, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու և փեսայի, Աժ պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանի և Արա Բաբլոյանի որդիների:
Այնպես որ,պետք չէ այդքան հաճախ և այդքան համառորեն պնդել,թե խնամիական կամ բարեկամական կապերը կարևոր չեն: Միևնույն է, դրան ոչ ոք չի հավատում: