ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին անգամ վարչապետի կարգավիճակով ԱԺ հարցուպատասխանին ներկայացած Հովիկ Աբրահամյանը երեկ չկարողացավ զերծ մնալ իր նախորդին վատաբանելու գայթակղությունից: Օգտվելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կողմից տրված հնարավորությունից, այն է` հարցից, թե ինչպես է նորանշանակ վարչապետը վերաբերվում իր նախորդի անվան հետ կապվող օֆշորային սկանդալին, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Տիգրան Սարգսյանը ունեցել է թերություններ, բայց սկանդալների կամ այլ ձեւակերպումների հետ համաձայն չեմ: Ես որեւէ իրավական ձեւակերպում կամ որեւէ իրավական կառույցի գնահատական չեմ լսել, որ դա ապացուցվել է, հիմնավորվել է: Եթե հիմնավորված լինի, ես շատ բացասական եմ վերաբերվում նման արարքներին, բայց որեւէ նման իրավական հիմնավորում չի եղել»:
Այսպիսով` Հովիկ Աբրահամյանը հստակ ասաց, որ Տիգրան Սարգսյանը մեղավոր չի համարվում սոսկ այն պատճառով, որ առայժմ չկա «որեւէ իրավական կառույցի գնահատական», ինչն, ըստ էության, հավասարազոր է նախկին վարչապետի մեղավորության՝ առնվազն հավանականությունը չժխտելուն: Բացի այդ` Հովիկ Աբրահամյանը բացահայտ նշեց, որ իր նախորդը թերություններ ուներ: Հասկանալի է, որ խոսքը նրա ոչ թե մարդկային, այլ պաշտոնեական թերությունների մասին է:
Մի կողմ թողնելով այն երեւույթը, թե որքանով է գեղեցիկ պաշտոնից հեռացած գործընկերոջ հետեւից նման հայտարարություններ անելը, նկատենք, որ Հովիկ Աբրահամյանն այդպիսով խախտեց իր վերադասի` Սերժ Սարգսյանի կողմից տրված հրապարակային հրահանգը` չփնովել նախորդներին եւ սեփական գործունեությունը չփորձել կառուցել նրանցից մնացած ծանր ժառանգության մասին արդարացումներով:
Ինչ խոսք, այն, որ Տիգրան Սարգսյանը որպես վարչապետ բազմաթիվ թերություններ ուներ՝ գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Այդ թերությունները հստակ արտացոլվել են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա, եւ Հովիկ Աբրահամյանի գնահատականը որեւէ արտառոց բան չի պարունակում: (Թեեւ նորանշանակ վարչապետի այս պոռթկումը պայմանավորված էր ոչ թե իր նախորդի կառավարման թերություններով, այլ՝ նրա հետ ունեցած երկարատեւ մրցակցությամբ): Սակայն այստեղ խնդիրն այն է, որ իր գործունեության մեջ թերացած երկրի վարչապետին առնվազն պաշտոնանկ են անում` ուղարկելով վատագույն դեպքում՝ դատարան, լավագույն դեպքում` թոշակի: Մինչդեռ Տիգրան Սարգսյանի դեպքում մենք տեսանք ոչ թե հրապարակավ պաշտոնանկություն եւ կշտամբանք վատ աշխատանքի համար, այլ հակառակը` շնորհակալական խոսքեր եւ առաջիկայում դիվանագիտական աշխատանքի ուղարկելու առաջարկ: Հետեւաբար, ըստ Հովիկ Աբրահամյանի՝ Սերժ Սարգսյանը հատուկ վերաբերմունք ունի թերություններ ունեցող պաշտոնյաների հանդեպ:




Լրահոս