ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԿՆԴԵՂ «ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿ»-ԻՆ

Ամեն անգամ, երբ իշխող Հանրապետական կուսակցությանն անհրաժեշտ է լինում խորհրդարանում մեծ թվով ձայներ ապահովել, օգնության են հասնում «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Եվ ԱԺ նախագահի ընտրությունը չէր կարող բացառություն լինել:

Եվ այսպես, Գալուստ Սահակյանը, ինչպես հայտնի է, 101 ձայնով ԱԺ նախագահ ընտրվեց հենց ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի աջակցությամբ: Երկու ուժերի, որոնցից մեկն իրեն պատռում է, թե գերընդդիմադիր է, իսկ մյուս քաղաքական միավորն իրեն այլընտրանք է հռչակել՝ դարձյալ դեմ գնալով իշխող ՀՀԿ-ի բռնած «քաղաքական գծին»:
Եվ որպեսզի ԲՀԿ-ն ազատվի այս խայտառակությունից, այսօր առավոտից տարբեր ԲՀԿ-ական երիտասարդներ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը) վարժ առոգանությամբ հարցազրույցներ են տալիս, թե իրենք չէին կարող ընտրել Գալուստ Սահակյանին, այլ, պարզապես, ՀՀԿ-ն հերթական անգամ կեղծել է ընտրությունների արդյունքները:
Իհարկե, ՀՀԿ-ն սովոր է կեղծիքների, այդտեղ երկու կարծիք լինել չի կարող: Սակայն ԲՀԿ-ականների ազնվությանը դժվար է հավատալ, քանի որ որոշ ԲՀԿ-ականներ, օրինակ՝ պահելով իրենց սկզբունքայնությունը, այնուամենայնիվ, չեն մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը:
Իսկ եթե Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը շատ էին ցանկանում ԱԺ նախագահ ընտրել Հրանտ Բագրատյանին, ինչպես պնդում են, ապա հանգիստ կարող էին իրենց գերժամանակակից հեռախոսներով նկարել ընտրության քվեաթերթիկը եւ ի ցույց աշխարհի ապացուցել, թե ինչ աստիճանի ազնիվ են: Այնպես, ինչպես սովորաբար անում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ Ալիկ Արզումանյանը:
Իսկ եթե դա չի արվել, ինչքան էլ խոսեն երիտասարդները, նրանց ասածները գրոշի արժեք չունեն: Հիշո՞ւմ եք՝ նույնպիսի տհաճ իրավիճակ էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազի ընտրության ժամանակ, երբ խորհրդարանական բոլոր ուժերը, անկախ իրենց դիրքորոշումից, կողմ քվեարկեցին Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը:
Այսպիսով, ԱԺ նախագահի ընտրությունը եւս մեկ անգամ ցույց տվեց այն պարզ իրողությունը, որ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը չեն կարող մինչեւ վերջ ընդդիմադիր լինել: Ու երբ ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, քաղաքական շրջանակներում անմիջապես սկսեցին հումորներ շրջանառվել, թե «հրաշալի քառյակ»-ին Սերժ Սարգսյանը «մկնդեղ» տվեց:
Ու ինչպես երեւում է, «մկնդեղ»-ն իր արդյունքները տալիս է. Քառյակը կամաց-կամաց կորցնում է իր դերն ու նշանակությունը քաղաքական դաշտում՝ դառնալով ՀՀԿ-ի կցորդը:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս