ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՄԻ ԿԱՏԱԿ ԱՆԻ
Օրեր առաջ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած տարեկան ընդհանուր ժողովում ակադեմիկոս Ջրբաշյանը դեմ արտահայտվեց Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելու կառավարության ծրագրին: Իսկ նիստին ներկա երիտասարդ գիտնականներից մեկը` Ղազար Գալոյանը, անդրադառնալով գիտնականների սոցիալական ծանր պայմաններին՝ հայտարարեց, որ մեր հայ նախարարները շքեղ մեքենաների փոխարեն կարող են հեծանիվ քշել: Գիտնականի ելույթից հետո ԳԱԱ տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանը խոստացավ նրան, որ ինքը հեծանիվ կգնի: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ռ. Մարտիրոսյանի հետ:
-Հեծանիվ նվիրելո՞ւ եք:
-Այո, իհարկե:
-Ե՞րբ:
-Ես հետաքրքրվել եմ խանութներում, դեռ չկա: Շուտով, կնվիրեմ:
-Իսկ գիտնականի՝ Ղազար Գալոյանի, մտահոգությունների մասով՝ այն, որ գիտնականը կոշիկ չունի, իսկ հայ պաշտոնյաները «Ջիպ»-եր ու «Բրաբուս»-ներ ունեն: Այս մասին ի՞նչ կասեք:
-Դա բոլորին էլ հայտնի է: Դուք էլ այդ մասին քաջ գիտեք, որ այսօր մեր հանրության աշխատավարձը ցածր է: Դա արդարացի բողոք է: Ընդհանրապես մեր երկրում, համեմատած այլ երկրների, գիտության ֆինանսավորումը ցածր է: Դա արդարացված է, որովհետեւ երիտասարդը, այս դեպքում նա՝ Գալոյանը, պետք է կարողանա մինիմալ սոցիալական խնդիրները լուծի, որպեսզի կարողանա նաեւ գիտությանն էլ օգտակար լինել:
-Այս խնդիրը լուծելու համար ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ եք:
-Դե, նախագահի հետ խոսել ենք, նա էլ խոստացել է, որ ինչ-որ հնարավորություններ լինելու դեպքում անպայման կնպաստի այս հարցին: Սպասում ենք՝ հուլիսի 1-ին պետական աշխատողների աշխատավարձերի կարգավորման ժամանակ գուցե ինչ- որ փոփոխություն լինի:
-Սակայն Գալոյանին ավելի շատ հիասթափեցրեց Սերժ Սարգսյանի կատակը հեծանիվի մասով:
-Բայց երիտասարդը շատ լավ ասաց:
-Մինչդեռ Սարգսյանն անլուրջ մոտեցավ…
-Դե ոչինչ, ինչ անենք: Նախագահն իրավունք ունի մի կատակ անի:
-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Սերժ Սարգսյանը նման կերպ արձագանքեց Ջրբաշյանի մտահոգություններին:
-Պարոն Ջրբաշյանն ամեն ինչ շատ ճիշտ ասաց, բայց այն մասին, թե որ ջրերն են Ադրբեջան հասնում, այդտեղ նա վրիպակ թույլ տվեց: Ճանապարհ չկա, որ Սեւանից մի կաթիլ ջուր գնա հասնի Ադրբեջան: Սեւանից դուրս եկող միակ ջրանցքը Շամիրամի ջրանցքն է, որն էլ գնում է Բաղրամյանի շրջան եւ այլն: Այն ոչ մի տեղ ելք չունի դեպի Ադրբեջան գնալու: Ուրիշ հարց է, որ Արաքս գետի, Արարատյան դաշտավայրի ջրերի մեծ մասը մենք չենք օգտագործում, դա գնում է: Այ, դա ճիշտ է:
-Իսկ Դուք ինչո՞ւ չպաշտպանեցիք Ջրբաշյանի տեսակետը:
-Ինչո՞ւ պաշտպանեմ: Այն, որը վերաբերում էր Սեւանից ջուրը դեպի Ադրբեջան գնալուն, ասացի, որ մենք վերջին հաշվով փորձագիտական հանձնաժողով ունեինք, չէ, Սեւանի վերաբերյալ եւ այդ բոլոր հարցերն այնտեղ քննարկվում են:
-Ի՞նչ եք կարծում, Սեւանում 74 ձկնաբուծական ֆերմաներ ստեղծելու ծրագիրը կարդարացնի՞ իրեն:
-Դա մասնագիտական խնդիր է, դժվարանում եմ ասել, բայց ժամանակին որոշում կար Եղվարդի ջրամբար կառուցելու մասին: Ինչքան գիտեմ, այդ ծրագիրը դեռ ուժը կորցրած չէ, ճիշտ կլինի, եթե մենք հենց դա իրականացնենք:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ