ՀԱՐՑ. Եթե անձն ունի բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք, ապա այդ դեպքում ինչպե՞ս է որոշվում դատական կարգով դադարեցման դեպքում սեփականատիրոջ կողմից վճարվող փոխհատուցման չափը:
Սասուն Խառատյան (44 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետեւյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար՝ բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց եւ սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից եւ ոչ ավելի, քան 9 քառակուսի մետրը: Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար եւ տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խրթին հարց է, որը կարծում ենք՝ օրենքի համապատասխան կետի ներկայացմամբ կպարզաբանվի նաեւ խմբագրություն դիմած քաղաքացու համար: Ինչպես միշտ, նման դեպքերում բնականաբար ցանկալի է, որ խնդիրը լուծվի կողմերի համաձայնությամբ, ինչի հնարավորությունը օրենքը տալիս է:
ՀԱՐՑ. Ավանդների փոխհատուցման հարցը շատերին է հետաքրքրում: Խնդրում եմ ասեք, ինչո՞վ է տարբերվում ավանդների երաշխավորման համակարգն ավանդների ապահովագրման համակարգից, եւ կցանկանայի իմանալ, թե ո՞րն է վերջինիս ներդրման հիմնախնդիրը եւ ի՞նչ ծրագրեր են իրականացնում:
Լիդա Զախարյան (66 տարեկան, թոշակառու, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդների հատուցման համակարգեր ներդրած պետությունների մի մասն օգտագործում է «ավանդների երաշխավորման համակարգ», իսկ մյուս մասը՝ «ավանդների ապահովագրման (պաշտպանության) համակարգ» տերմինները:
Վերոհիշյալ համակարգերը կարող են ունենալ իրավական տարբեր կարգավիճակներ եւ անվանումներ, սակայն նրանց հիմնախնդիրներն ու նպատակները էականորեն չեն տարբերվում: Ե՛վ ավանդների երաշխավորման, ե՛ւ ավանդների ապահովագրման համակարգերի հիմնական նպատակը նույնն է՝ որեւէ բանկի անվճարունակության դեպքում հատուցել ավանդատուների միջոցները:
Հայաստանի Հանրապետությունում ավանդների երաշխավորման համակարգը ներդրվել է, որպեսզի պաշտպանի ավանդատուների շահերը, բարձրացնի բանկային համակարգի հուսալիությունը եւ բանկերի նկատմամբ հանրության վստահությունը:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալներով` 2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում գրանցվել է ավանդատուների թվի եւ ավանդների կայուն աճ: 2012թ. վերջին ֆիզիկական անձանց ընդհանուր բանկային ավանդների գումարը կազմել է 755.63 միլիարդ ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց բանկային ավանդները՝ 708.39 միլիարդ ՀՀ դրամ՝ բացառությամբ չերաշխավորված ավանդների գումարների, իսկ երաշխավորված ավանդները՝ 217.93 միլիարդ ՀՀ դրամ: 2011թ. համեմատ 2012թ. ֆիզիկական անձանց բանկային ավանդներն աճել են շուրջ 32%-ով, իսկ երաշխավորված ավանդները՝ շուրջ 27%-ով:
ՀԱՐՑ. Ես եւ տղաս ապրում ենք բնակարանում, որը սեփականաշնորհված չէ: Տղաս ամուսնալուծված է: Թոռնիկս իր մոր հետ ապրում է առանձին բնակարանում, առանձին ընտանիքի հետ: Տղայիս նախկին կինը հրաժարվում է թոռնիկիս գրանցել այն բնակարանում, որտեղ ինքն է ապրում: Խնդրում եմ ասեք, ես կարող եմ բնակարանից դուրս գրել իմ թոռնիկին: Որդիս նույնպես համաձայն է երեխայի դուրս գրմանը: Խնդրում եմ ուղղորդել, թե կոնկրետ ի՞նչ կարող ենք անել այս պարագայում:
Ալլա Բադալյան (62 տարեկանն, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 17 հոդվածի՝ ամուսնության լուծարման դեպքում դատարանը պարտավոր է որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից որ մեկի հետ են ապրելու անչափահաս երեխաները, եթե տվյալ հարցը չի կարգավորվել ամուսինների փոխհամաձայնությամբ: ՀՀ Քաղ. Օր. 23 հոդվածի համաձայն՝ 14 տարին չբոլորած անչափահասների բնակության վայր է ճանաչվում իր օրինական ներկայացուցիչների (ծնողների) բնակության վայրը:
Այդ իսկ պատճառով ձեր դեպքում երեխայի (եւ, համապատասխանաբար, գրանցումն (բնակագրումն) այդ վայրում) բնակության վայր պետք է հանդիսանա այն ծնողի բնակության վայրը, որի հետ նա ապրում է դատարանի որոշման (նախկին ամուսինների միջեւ համաձայնության) համաձայն: Եթե դատարանի որոշման (համաձայնության) համաձայն երեխան ապրում է մոր հետ, ապա դատարանի որոշման եւ բնակության նոր վայրում բնակագրման վերաբերյալ դիմումի համաձայն պետք է հանվի տատիկի բնակության վայրում գրանցական հաշվառումից:
«Ձեր իրավախորհրդատու փաստաբանական գրասենյակ»
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն գործող օրենքի՝ երեխայի մայրն անկախ իր կամքից ստիպված է լինելու նրան հաշվառել իր բնակության վայրում: