Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կարծում է, որ Ուկրաինայի որոշ շրջաններում նորմալ քվեարկություն այլևս հնարավոր չէ անցկացնել, և դա պետք է գիտակցեն ընտրություններին մասնակցողները:
Մասնավորապես` Ավակովը մատնանշել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ ընտրատեղամասեր, որոնք ենթարկվել են հարձակման անջատողականների կողմից: Եղել են նաև ընտրական հանձնաժողովների անդամների ու նախագահների առևանգման դեպքեր:
Չնայած տեղի ունեցած դեպքերին, ՆԳ նախարարը հայտարարել է, որ սա չի նշանակում, որ ընտրություններն Ուկրաինայում նորմալ չեն ընթանում:
Ըստ նրա, իրավապահներն Ուկրաինան պայմանականորեն բաժանում են երեք մասի՝մի մասում ընտրությունները հանգիստ ձևով կանցնեն, մի այլ տեղում` ընտրությունները կարող են ուղեկցվել լարվածությամբ և սադրանքներով, երրորդ տեղում` նորմալ ընտրություններ անցկացնելը չափազանց դժվար կլինի:
Ավակովը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում այլատյացության դեպքեր են նկատվել: Նա զգուշացրել է օտարերկրացիներին, որ նրանց ներկայությունը կարող է խնդիրներ առաջացնել վերոնշյալ շրջաններում: