ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ՝ բոլշեւիկ, լենինյան եւ ստալինյան շրջանի պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը դրվելու է մայրաքաղաքի Իսահակյան- Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում։ Նման միջնորդություն քաղաքապետարանին ներկայացրել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայրը՝ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը, խորհրդային տարիներին այլախոհ է եղել:

Այդ որոշման վերաբերյալ արդեն քանի օր է՝ հնչում են տարբեր կարծիքներ։ ՀՀ ժողովրդական նկարիչ, հայտնի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն այդ արձանը տեղադրելու իմաստը չի տեսնում. «Ճիշտ է, նա եղել է ԽՍՀՄ ղեկավարներից, բայց թե ինչ է արել կոնկրետ Հայաստանի ու հայ ժողովրդի համար, ինձ համար անհասկանալի է։ Ավելին, ըստ Հայաստանի ազգային արխիվի տնօրենի՝ երբ Ստալինը մոտ 500 հոգու Հայաստանից աքսորել է, Միկոյանը ստորագրություն է տվել, թե ինչու 500, այլ ոչ թե 1000 հոգու։ Մինչդեռ այնքան արժանավոր մարդիկ ունենք»։
Քանդակագործը նշեց, որ ինքն արձանաշինության շատ լավ գաղափարներ ունի, որոնց վրա աշխատում է. «Ես, օրինակ, Մախլուտոյի արձանի էսքիզ եմ արել եւ պիտի քաղաքապետին առաջարկեմ, որ այն կառուցվի ու տեղադրվի Շենգավիթում՝ Ազատամարտիկների այգում։ Մախլուտոն Անդրանիկի աջ թեւն է եղել, կյանքը տվել է երկրի համար, ուզեցել է անկախ, ազատ Հայաստան տեսնել։ Մեկ այլ էսքիզի վրա եմ աշխատում՝ Աշուղ Ջիվանու, ում երգերն անմահ են»։ Քանդակագործը համոզված է, որ պետք է ոչ միայն Կենտրոնը, այլեւ բոլոր համայնքները հավասարաչափ զարգանան, ամենուր արվեստի գործեր լինեն. «Ես քաղաքապետարանի գեղարվեստական խորհրդի անդամ եմ եւ միշտ առաջարկել եմ, այսպես ասած, բացվել, չի կարելի ամբողջը բերել մի տեղ։ Ռոդենի քանդակը բերեցին դրեցին այնպիսի մի տեղ, որ հեղինակին էլ է վարկաբեկում. ստիպված հեռվից ես նայում, եւ մի խղճուկ, պուճուր-մուճուր բան է երեւում։ Թող դնեին, ասենք, ֆրանսիական համալսարանի բակում կամ որեւէ այլ վայրում։ Ես միշտ քաղաքաշինական խորհրդում այն թեզն եմ առաջ քաշում, որ գոյություն ունի երկու տեսակ քանդակագործություն. մեկը՝ ազատ, ճկուն մտքի, ֆանտազիայի, գեղեցկության, սիրո, գարնան, իսկ մյուսը՝ պաշտոնական։ Վերջինի դեպքում պետք է ներկայացվեն մեր պատմությունը, երեւելի մարդիկ, բայց դա էլ պիտի լավ արվի, ոչ թե, ասենք, Մանթաշովի արձանի պես բերեն դնեն հրապարակի վրա. ո՛չ մասշտաբ կա, ո՛չ չափ»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս